News & Views Election Diagram Photo Digest Parties & Players Your Response Q & A

go to news archive go to news main page

Հայաստան. Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկության թիրախ է ընտրել ընդդիմության անդամներին

Գայանե Աբրահամյան
Հրապարակվել է 2007թ. մայիսի 7-ին

Փողերի լվացման կասկածով սկսված մի հետաքննություն կառավարությունը հաճախ բարձրագոչ քննադատող երկու նախկին նախարարների դեմ նորից բորբոքել է վիճաբանությունը՝ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին: Կառավարական քննիչները ժխտել են իրենց գործողություններում առկա իրավախախտումների կամ քաղաքական դրդապատճառների մասին որեւէ մեղադրանք:

Մայիսի 5-ին , փողերի լվացմանը վերաբերող մի հետաքննության առնչությամբ, Ազգային Անվտանգության Ծառայությունը (ԱԱԾ) խուզարկություն է անցկացրել նախկին արտաքին գործերի նախարար (1996-98) Ալեքսանդր Արզումանյանի տանը եւ գրասենյակում, ինչպես նաեւ նախկին փոխվարչապետ ու պաշտպանության նախկին փոխնախարար (1992-2000) Վահան Շիրխանյանի բնակարանում: Առայժմ նրանց ոչ մի մեղադրանք չի առաջադրվել:

ԱԱԾ-ն ենթադրում է, որ ապրիլի 24-26-ին Մոսկվա կատարած իրենց այցելության ժամանակ Արզումանյանը եւ Շիրխանյանը պայմանավորվել են Ռուսաստանի բնակիչ Լեւոն Գրիգորի Մարկոսի հետ, (որը Հայաստանի դատախազության կողմից հետախուզվում է զեղծարարության մեղադրանքով), լվանալ «կասկածելի ծագման» փողեր հայաստանյան բանկերում ավանդային հաշիվների միջոցով: Հետաքննության վարկածով, ապրիլի 27-ին 180 հազար ԱՄՆ դոլար Մոսկվայից փոխանցվել է Երեւանի Կոնվերս Բանկի հաշվին «ինը գործակիցների» անուններին, որոնք Արզումանյանի եւ Շիրխանյանի համար հանդիսացել են որպես քողածածկ:

Նախկին փոխվարչապետ Շիրխանյանը հայտնեց EurasiaNet-ին, որ իրոք այդ գումարը փոխանցվել է իրեն, բայց ոչ թե քննիչների հայտարարած նպատակով: Իրականում, ըստ Շիրխանյանի, ինքը մեկնել էր Մոսկվա խնդրելու «ֆինանսական աջակցություն իմ ընկերներից» իր դստեր հարսանիքի, ինչպես նաեւ իր նորաստեղծ հասարակական կազմակերպության` Հայաստանի Շանհայի ակումբի ֆինանսավորման համար, որը նպատակ ունի խթանել կապերը Հայաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ:

Նախկին նախարարը հայտարարում է, որ խուզարկություն անելու նպատակն էր՝ վախ սերմանել ընտրողների մեջ, եւ դա շարունակությունն է այն ահաբեկման մարտավարության, որի բնութագիրն են նախկինում տեղի ունեցած պայթյունները Բարգավաճ Հայասատան կուսակցության գրասենյակների մոտ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների դեմ մահափորձերը: [[Մանրամասները տես Eurasia Insight archive]

Թե’ Շիրխանյանը ու թե նախկին արտգործնախարար Արզումանյանը լավ հայտնի են կառավարության հանդեպ իրենց կոշտ դիրքորոշմամբ։ Նրանցից ոչ մեկը չի մասնակցում ընտրություններին: 2006թ-ից սկսած Արզումանյանը կոչ է անում հօգուտ քաղաքացիական անհնազանդության շարժման ու նաեւ կոչ է անում Հայաստանի բնակիչներին չմասնակցել ընտրություններին, պնդելով, որ նման գործողությունները միակ միջոցն են «ազատվելու իշխանության գլուխ կանգնած հանցագործ պաշտոնյաներից»:

«Այս պաշտոնյաները գաղտնալսում են մարդկանց խոսակցությունները եւ հետեւում են նրանց բանկային հաշիվներին, որպեսզի պահեն իրենց աթոռները”, ասաց նախկին փոխվարչապետ Շիրխանյանը, նկատի ունենալով այն ձայնագրված խոսակցությունը, որը տեղի էր ունեցել Օրինաց Երկիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի մի բարձրաստիճան դիվանագետի միջեւ. խոսակցությունը ենթադրվող ընտրախախտումների մասին էր, եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից որակվեց որպես դավաճանության ակտ: [[Մանրամասները տես Eurasia Insight archive]

Շիրխանյանն ասաց, որ իր դուստրն ու նրա փեսացուն մայիսի 4-ին գործի առնչությամբ հարցաքննության համար10 ժամ պահվել են Ազգային Անվտանգության Ծառայությունում: Հաջորդ օրը նրա բնակարանում փնտրել են զենք, թանկարժեք քարեր եւ փող: Նա ասաց, որ ոստիկանությունը տարել է 28 հազար ԱՄՆ դոլար, տան համակարգիչը եւ տարբեր փաստաթղթեր:

Նախկին արտգործնախարար Արզումանյանը համաձայնեց Շիրխանյանի գնահատականի հետ: «Սա ուղերձ է բոլոր ընդդիմադիր ուժերին, որ նրանք չհամարձակվեն դուրս գալ փողոցներ, պայքարել, այլ ընդունեն ընտրությունների արդեն իսկ որոշված արդյունքը», - ասաց նա EurasiaNet –ին:

Արզումանյանի պնդմամբ, ԱԱԾ- հարցաքննել է իրեն, որովհետեւ նա միեւնույն չվերթով Շիրխանյանի հետ մեկնել է Մոսկվա ապա վերադարձել Երեւան: Նախկին արտգործնախարարը իր գրասենյակի խուզարկությունը որակեց «անհիմն» բայց քննադատեց ԱԱԾ-ի անձանց իր տասնամյա որդուն իբր «ահաբեկելու» համար, երբ «ստիպել են նրան բաց անել» Արզումանյանների տան դուռը:

“Սա մարդու իրավունքների ամենատարրական ոտնահարում է”, ասաց Արզումանյանի կինը՝ Մելիսսա Բրաունը, որն ԱՄՆ-ի քաղաքացի է:

Բրաունն ասաց, որ Արզումանյանների բնակարանից բռնագրվված իրերի թվում են 55400 դոլար, (որոնք, նախկին արտգործնախարարի խոսքերով, նրա խնայողություններն են՝ հոնորարներ նախկինում ունեցած ելույթների համար), երկու համակարգիչ եւ, հատկապես՝ մի փաթեթի ստացական, որը Արզումանյանի տղան ստացել էր ԱՄՆ-ում 2005 թ-ին:

Նախկին արտգործնախարար Արզումանյանը կարծում է, որ խուզարկությունը ավելի շատ կապված է իր քաղաքական դիրքորոշումների, այլ ոչ թե հնարավոր փողերի լվացման հետ:

«Իմ կյանքում ես որեւէ [նման] տնտեսական կամ ֆինանսական գործունեությամբ չեմ զբաղվել», ասաց նա: «Այո, ես ականատես եմ եղել փողերի լվացման եւ պայքարել եմ դրա դեմ, բայց փողեր լվացողները հենց պետական պաշտոնյաներն են [վարչապետ] Սերժ Սարգսյանի եւ [նախագահ] Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»:

Մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Խորհրդարանի նախագահ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Թորոսյանը ասաց լրագրողներին, որ ինքը համոզված է, «որ այս խուզարկությունները կապված չեն ընտրություների հետ»:

Թե ինչ հետագա քայլեր կձեռնարկվեն կապված Շիրխանյանի եւ Արզումանյանի հետաքննության հետ, պարզ չէ: Եթե նրանք փողերի լվացման համար մեղավոր ճանաչվեն, ապա երկուսն էլ կարող են վեցից մինչեւ տասներկու տարով ազատազրկվել կորցնելով իրենց ունեցվածքը:

Մինչդեռ, հարցաքննվում են նաեւ նրանց գործընկերներն ու ընկերները: Մայիսի 7-ին խուզարկություն է անցկացվել Արտյոմ Խաչատրյանի բնակարանում, որը նախկին նախարար Արզումանյանի ընկերն է: Խաչատրյանը «Գագիկ Սարգսյան» կեղծանվամբ գիրք է հրատարակել, որում խստորեն քննադատում է կառավարությունը ենթադրվող քրեական կապերի համար: Խաչատրյանն ասաց EurasiaNet-ին , որ ԱԱԾ-ն նախկինում նրան զգուշացրել էր, որ եթե նա շարունակի հրապարակել իր գործերը, ապա նրան կբանտարկեն: Գրողն ասաց, որ իր բնակարանի խուզարկությունից հետո ինքն ութ ժամ պահվել է Ազգային Անվտանգության Ծառայությունում հարցաքննության համար:

Նույն օրը Արզումանյանի “Քաղաքացիական անհնազանդություն” հասարակական կազմակերպության չորս ակտիվիստներ հարցաքննվել են ԱԱԾ-ի կողմից:

ԱԱԾ խոսնակ Արծվի Բաղրամյանը պաշտպանեց երկու նախկին նախարարների՝ փողերի լվացման գործով Ծառայության հետաքննությունը, EurasiaNet -ին ասելով, որ դրա համար կային «հիմնավոր պատճառներ»: Բաղրամյանը չմեկնաբանեց մյուս հարցաքննությունները, բայց ասաց, որ Արզումանյանի եւ Շիրխանյանի հետ կապված անհատներ կհրավիրվեն ԱԱԾ «զրուցելու եւ տեղեկություն հայտնելու»:

Խմբագրի կողմից. Գայանե Աբրահամյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի լրագրող է Երեւանում։




Reprints: Want to use a EurasiaNet.org story or  photo on Armenia's 2007 parliamentary elections? Please see our republication guidelines first.


Vahan Shirkhanian meets at a cafe with members of the Republic Party. (Dean C.K. Cox for EurasiaNet)

Aleksander Arzumanian talks to other political leaders in the Congress Hotel in Yerevan prior to a roundtable discussion. (Dean C.K. Cox for EurasiaNet)

Shirkhanian (right) listens to Arzumanian address a roundtable discussion at the Congress Hotel. (Dean C.K. Cox for EurasiaNet)
ARMENIA: VOTE 2007 is a production of EurasiaNet.org with funding provided by the Open Society Institute. Copyright © 2007, EurasiaNet.org. EurasiaNet.org EurasiaNet.org
Armenia: Vote 2007 Feedback Resources Credits Email This Page