Որքա՞ն արժե պատգամավորական աթոռը: Կառավարական պաշտոնները երեւակայական աճուրդում
Մարիաննա Գրիգորյան
Հրապարակված է 2007թ. մայիսի 7-ին
Անցյալ շաբաթ օրը 48 ամյա Վախթանգ Սիրադեղյանը Երեւանի կենտրոնում գտնվող մի զբոսայգում գլուխ էր կոտրում, որ մի կարեւոր որոշում կայացնի. գնի՞ աթոռ խորհրդարանում, թե՞ ոչ: Սիրադեղյանի որոշելիքը մայիսի 5-ին անցկացված՝ ընտրակաշառքին նվիրված մեծ թատերականացված ներկայացման մի մասն էր։ Այն կազմակերպվել էր մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից նպատակ ունենալով քաջալերել ընտրողներին անկեղծորեն դեմ արտահայտվելու այն երեւույթին, որը, նրանց բնորոշմամբ լայն տարածում գտած «կաշառակերության մշակույթ է» եւ կարող է վտանգել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները:
«Սա մեր իրականության մի փոքր մոդելն է», մեկնաբանում է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինտերնեյշնըլ» կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ամալյա Կոստանյանը, որը կազմակերպել էր այդ միջոցառումը Հայաստանի Հելսինկյան Ընկերակցության, “Սկսել ա” երիտասարդական խմբի, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի, ինչպես նաեւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի մասնաճյուղի հետ մեկտեղ:
«Մենք անցկացնում ենք մոնիտորինգ եւ, իհարկե, գրանցում ենք բոլոր առկա ընտրախախտումները եւ կոռուպցիայի դրսեւորումները», շարունակում է Կոստանյանը: «Այնուամենայնիվ, այս միջոցառմամբ մենք ուզում ենք ծիծաղել ինքներս մեզ վրա եւ պայքարել ընտրական կոռուպցիայի դեմ: Մարդիկ նաեւ պետք է հասկանան, որ պատասխանատու են իրենց երկրի համար»:
Նրանք, ովքեր ցանկանում էին այգու կրպակներում վաճառել իրենց ձայները, ստացան շինծու դոլարի թղթադրամներ, որոնցով նրանք կարող էին գնել կառավարական պաշտոններ, պատգամավորի աթոռ կամ բիզնեսի մենաշնորհ:
Մի կրպակում գնորդները սակարկում էին բարձր կառավարական պաշտոնների շուրջ: Գները Էժան չէին. վարչապետի պաշտոնը վաճառվեց 5 միլիոն դոլարով, նախարարինը՝ 3, իսկ փոխնախարարինը՝ 1 միլիոն դոլարով:
Մարդկանց նաեւ առաջարկվեցին սերմեր, կարտոֆիլ, ակնոցներ ու բջջային հեռախոսներ ներկայացնող փուչիկներ՝ նմանակելով այն «ողորմությունը», որ ընտրողներին առաջարկում են որոշ քաղաքական կուսակցություններ:
Ինչեւէ, ներկաների արձագանքը միանշանակ չէր։ Այգին հսկող ոստիկանները կասկածով էին հետեւում անցուդարձին, մինչդեռ որոշ անցորդներ զարմանքով էին նայում այդ ամենին: «Սրանք գի՛ժ են», - բացականչեց մի ծերունի:
Այնուհանդերձ, Հայաստանի խոշորագույն ընտրական դիտողական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնում, որ միայն ժամանակ է հարկավոր որպեսզի մարդիկ հասկանան այս միջոցառման խորհուրդը: «Աստիճանաբար մարդիկ կսովորեն պաշտպանել իրենց իրավունքները», - ասաց «Ընտրությունը քոնն է» կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը:
Բայց երգիծանքի միակ թիրախը քաղաքական կուսակցությունները եւ կառավարությունը չէին: Վառ գույնի գլխարկով մի մարդ վաճառքի էր հանել մի հասարակական կազմակերպություն, որը «ուտում է շատ դրամաշնորհներ առանց որեւէ բան անելու»:
Վաճառքում առկա էին նաեւ գիտնականներ, որոնք պատրաստ էին փողով իրենց ուսումնասիրություններում անհրաժեշտ եզրակացությունների հանգել, մի ժպտադեմ երգիչ ու մի մարզիկ: «Գրոսմայստերի» պիտակով մարզիկի աճուրդը շատ ներկաների կողմից մեկնաբանվեց որպես վատ քողարկված վկայակոչում 2007-ի մարտի այն հայտարարությանը, որը արել էին մի խումբ շախմատիստներ, ըստ որի, նրանք աջակցում էին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Ըստ այդ հայտարարության, պաշտպանության նախարար, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, նաեւ այդ ժամանակ Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ղեկավար Սերժ Սարգսյանը նպաստել էր 2006թ-ի Շախմատի Օլիմպիադայում իրենց տարած հաղթանակին:
Թեեւ միջոցառումը ազդարարվել էր որպես ոչ-կուսակցական, սակայն աճուրդը քննադատական ակնարկ էր ինչպես իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության, այնպես էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության հանդեպ. դրանք երկուսն էլ վերջերս մի սոցիոլոգի կողմից որակվել էին որպես քարոզարշավի «ծանր քաշայիններ»: [Մանրամասները տես՝ Eurasia Insight archive.]
Աճուրդի կազմակերպիչները որոշեցին «նվիրաբերել» միջոցառման երեւակայական հասույթը՝ «միլիոնավոր դոլարներ», հիշյալ երկու կուսակցություններին, որպեսզի նրանք լուծեն իրենց իսկ հայտարարած «լուրջ խնդիրները» կապված զանգվածային հանրահավաքներ կազմակերպելու եւ լրատվամիջոցներում ելույթներ ունենալու հետ: Իրականում այս երկու կուսակցությունները անվիճելիորեն քարոզարշավի լավագույն ֆինասավորված մասնակիցներն են, հայտնի արտիստների մասնակցությամբ անցկացվող կանոնավոր համերգներով ու լրատվամիջոցների կողմից առատ լուսաբանմամբ: [Մանրամասները տես՝ Eurasia Insight archive.]
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ վերջինիս հետ կառավարական կոալիցիա կազմած Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Միացյալ Աշխատանքային կուսակցության անդամները հրավիրված էին եղել միջոցառմանը, սակայն չերեւացին այնտեղ: Հանրապետական Կուսակցության ղեկավար, վարչապետ Սերժ Սարգսյանը բազմիցս ընդգծել է, որ իր կուսակցությունը եւ կառավարությունը աշխատում են որպեսզի ընտրություններն անցկացվեն ազատ եւ արդար, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարել է, որ կդառնա ընդդիմություն, եթե ընտրություննները ժողովրդավարական չլինեն:
Սակայն միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Հայաստանի Հելսինկյան Ընկերակցության նախագահ Ավետիք Իշխանյանը, կարծում է, որ դեռ շատ բան կա բարելավելու։ “Այս ընտրակեղծիքները սկսվել են դեռ անցյալ ընտրություններից եւ շարունակվում են մինչեւ այսօր”, ասաց Իշխանյանը: «Ավելին՝ այժմ նրանք սկսել են օգտագործել խորհրդային ՊԱԿ-ի մեթոդները, գաղտնալսելով մարդկանց եւ վախեցնելով բոլորին: Եթե ընդդիմությունը երբեւէ չի հաղթում ընտրություններում, ապա, այդ դեպքում, անտեղի է խոսել արդար ընտրությունների մասին»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի մասնաճյուղի նախագահ Արթուր Սաքունցն ավելացրեց. «Նման միջոցառումները կարող են համոզել մարդկանց, որ հնարավոր է հրապարակայնորեն կարծիք հայտնել ընտրախախտումների մասին, արտահայտվել վախի մթնոլորտի մասին, ինչպես նաեւ՝ ընդդեմ տարբեր վարչական ռեսուրսների»:
Երեւակայական քվեներ գնող Սիրադեղյանը այդ փաստարկի աջակիցներից էր: «Թրանսփարենսի Ինտերնեյշնըլ»-ի մասնագետն ի վերջո նախընտրեց իր գնած քվեներով խորհրդարանական աթոռ ձեռք չբերել:
«Եթե մարդը պատրաստ է վաճառել իր խիղճը, ապա այդ խիղճը կարելի միայն նետել աղբարկղը», բացատրեց նա:
Խմբագրի կողմից. Մարիաննա Գրիգորյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի թղթակից է Երեւանում։
