Խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ընտրողների անտարբերությունը կարծես թե աճում է
Մարիաննա Գրիգորյան
Հայաստանի խորհրդարանական ընտրարշավի ավարտից ընդամենը մեկ օր առաջ շատ ընտրողներ ասում են, որ մայիսի 12 –ին ընտրական տեղամասեր գնալու համար իրենց ավելի բան է պետք քան հզոր բանակ ստեղծելու կամ կենսաթոշակներն ավելացնելու մասին խոստումները: Որոշ սոցիոլոգներ ընտրությունների հանդեպ անհետաքրքրությունը վերագրում են քաղաքական կուսակցությունների կողմից գովազդման մասնագիտական մեթոդների չօգտագործմանը: Սակայն շատ կուսակցություններն առարկում են, թե մարդկանց իրենց կողմը քաշելու համար նրանք մասնագետների կարիք չունեն։
Անտարբերության հիմնական պատճառը թերեւս նախորդ ընտրություններն են, որոնք շատ ընտրողների կարծիքով կեղծված էին:
“Ինչ էլ որ լինի, մեր կյանքը չի փոխվի: Ով ընտրվի, ով չընտրվի, ոչինչ չի կարող փոխել”, ասաց 50 -ամյա Մարտին Հովհաննիսյանը, նախկին ինժեներ-քիմիկոս, որը այժմ իր ապրուստը վաստակում է Երեւանի արվարձաններից մեկում տաքսի քշելով: “Ես չեմ մասնակցի ընտրություններին, քանի որ ոչ մի հեռանկար չեմ տեսնում: Ընտրությունները պաշտոնյաների համար են ու ոչինչ չեն փոխում սովորական մարդկանց կյանքում”:
Թոշակառու Մարգարիտ Մինասյանը նույնպես որոշել է այդ օրը մնալ տանը: Նա մատնացույց արեց այն ավտոբուսների կողմը, որոնք ուսանողներին ու պետական կազմակերպություններում աշխատողներին տանում էին (ասում են թե՝ ստիպելով) Երեւան` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հանրահավաքին :
“Եթե ամեն ինչ թատրոնի է վերածվում ու եթե մարդիկ զոռով են քեզ ինչ-որ բան ցույց տալիս, ապա որտեղի՞ց ես հավատ ունենամ մեր վաղվա վրա”, հոգոց հանեց նա:
Միջազգային դիտորդները արդեն իսկ նկատել են այս տրամադրությունը: Ապրիլի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինը նշեց, որ ԵԱՀԿ-ի արած հարցումները ցույց են տալիս, որ հայաստանցի ընտրողների կեսից ավելին չի ուզում մասնակցել ընտրություններին:
“Ես դժվարանում են ասել, թե ինչու է դա այդպես, բայց վերջին հարցումները ցույց են տալիս, որ ընտրելու իրավունք ունեցողների 90 տոկոսը իրենց ու իրենց ընտանիքների ապագան չեն կապում առաջիկա ընտրությունների արդյունքների հետ”, ասաց Պրյախինը լրագրողներին: “Հարցը այն չէ, որ նրանք չեն վստահում քաղաքական գործիչներին, պարզապես իրենք կախված չեն զգում նրանցից [ընտրություններից]”, նշեց նա: Տեղական քաղաքական գոծոնների հանդեպ անբավարար հետաքրքրությունը կարղ է բացատրվել այն փաստով, որ շատ հայաստանցիներ իրենց հույսը դնում են արտասահմանում ապրող իրենց ազգականների ֆինանսական աջակցության վրա, ավելացրեց նա:
Նման արդյունք է տվել նաեւ բրիտանական Պոպուլուս կենտրոնը, համաձայն որի, իր կողմից ապրիլի 3-10-ը 2000 հայաստանցիների շրջանում անցկացված հարցման տվյալներով, հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ ընտրությունների արդյունքը անձնապես իրենց համար ոչ մի նշանակություն չի ունենա: Երեսուն տոկոսը նշել է, որ Հայաստանում ընդհանրապես ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, եւ հարցվածների միայն տասը տոկոսը լավատես էր ընտրությւնների արդյունքների հարցում:
Որոշ սոցիոլոգների կարծիքով, այս վիճակը հետւանք է մանավորապես այն բանի, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները դեռեւս չեն սովորել թե ինչպես պետք է գրավել եւ պահել հանրության ուշագրությունը մեկ ամիս տեւող քարոզարշավի ընթացքում: “Հայաստանում չգիտեն գրագետ եւ ճիշտ ընտրարշավ անցկացնել“, մեկնաբանեց Հայաստանի Սոցիոլոգիական Ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը:
Իշխանամետ կուսակցության պաստառների նախընտրելի ոճի մասին պատկերացում է տալիս մի պլակատ, որը պատկերում է մի պաշտոնյայի` սեղանի մոտ նստած ու վերնագրված է “Ուժ եւ Հավատ”: Նման պաստառներ կարելի է տեսնել Հայաստանի բոլոր բնակավայրերում, (անգամ մանկապարտեզների պատերին) ընդսմին դեմքի արտահայտություններն ու կարգախոսները համարյա միեւնույնն են: Ընդդիմության պաստառներն էլ մեծ մասամբ ավելի պատկերավոր չեն:
“Ժամանակները փոխվում են, բայց այստեղ քարոզարշավը իրականացվում է 1990-ական թվականների մակարդակով”, ասաց քաղաքական ընտրարշավի մասնագետ Արմեն Բադալյանը: “Բոլորն ասում են, որ կկառուցեն հզոր բանակ, կավելացնեն կենսաթոշակները, կլուծեն Լեռնային Ղարաբաղի հարցը: Անընդհատ նույն բանը”:
Ուշադրությունը մանրամասների նկատմամբ հաճախ կարծես բացակայում է: Հանրահավաքների ու համերգների մասին տեղեկատվությունը ոչ միշտ է լայնորեն լուսաբանվում նույնիսկ իրենց՝ կուսակցությունների ներսում ու անհամեմատ քիչ՝ մամուլում եւ հանրությունում: ԵԱՀԿ/Ժողովրդավարական Հաստատությունների եւ Մարդու Իրավունքների ընտրական դիտորդական առաքելության գրասենյակի ապրիլի18- մայիսի 2-ի զեկույցում ասվում է, որ “կուսակցությունների մեծ մասը թվում է թե նախընտրում են անցկացնել չհայտարարված կամ վատ ծանուցված հանրահավաքներ”:
Արդյունքը, շարունակեց Բադալյանը, մի քարոզարշավ է, “որը հանրության վրա չի կարող ունենալ որեւէ ազդեցություն”:
“Լավ արդյունք ստանալու համար քաղաքական կուսակցությունները պետք է առնվազն մեկ տարի աշխատեն ընտրողների հետ, անցկացնեն հարցումներ, ընտրաշավի հոգեբանական ասպեկտների հիման վրա որոշեն, թե ինչպես նրանք կարող են ազդել ընտրողի վրա”, նշեց Բադալյանը, որը չասաց, թե որ կուսակցությունների համար է ինքը աշխատում: “Իրականում տեղի է ունենում հետեւյալը. Օրինակ, նրանք կաշառում են ընտրողներին [ողորմություններով] ու կարծում են թե արդեն հասել են իրենց արդյունքին եւ երբեք մտքներով չի անցնում խորհրդակցել մասնագետի հետ: Նրանք կարծում են, թե իրենք ինչ ուզեն կարող են անել”:
EurasiaNet –ի կողմից իրականացված գրեթե մեկ տասնյակ քաղաքական կուսակցություների ոչ պաշտոնական հարցման արդյունքում պարզվեց, որ նրանցից ոչ մեկը չի դիմել արտաքին խորհրդատուների օգնությանը ընտրողների հետաքրքրությունը գրավելու նպատակով:
“Ի՞նչ մասնագետ է պետք մեզ, եթե մենք ինքներս լավ գիտնեք այս գործը”, հարցրեց “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խոսնակ Բաղդասար Մհերյանը: “Ես պիառ եմ իրականացրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար 2003 –ի նախագահական ընտրություների ժամանակ, ու ինչպես տեսնում եք, այդ ժամանակ մենք հաջողության հասանք, այնպես որ այս անգամ նույնպես մենք հաջողության կհասնենք”:
Նույն տեսակետին էր նաեւ քաղաքական ճակատի հակառակ կողմը: Թերթի խմբագիր եւ արմատական ընդդիմության “Իմպիչմենտ” դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ նման մասնագետները անօգուտ են:
“Եթե դուք ինչ որ մի բան ունենք ժողովրդին ասելու, այն հազարավոր մարդկանց, որոնք գալիս են ձեզ լսեու, եւ եթե դուք չեք հետեւում ոչ մի կանոնի, այլ պարզապես ասում եք այն ինչ ուզում եք ասել, ապա մարդիկ կհասկանան ձեզ”, ասաց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության մի անդամ ընտրողների ներգրավածությունը ընտրարշավին մեծացնելու նպատակով առաջարկել է կրճատել ապագա խորհրդարանական քարոզարշավների տեւողությունը. ներկայիս 33 օրը դարձնել մեկ կամ երկու շաբաթ:
Բայց օրինակ Երեւանի 75-ամյա բնակիչ Վարազդատ Հակոբյանի նման ընտրողների համար մի մեծ խնդիր դեռ մնում է առկախ:
“Բոլորը ժպտում են, ցույց են տալիս, թե մտածում են մեր մասին, մինչդեռ բոլորի մտքում այն է, թե ոնց խաբեն մեզ ու ստանան մեր ձայները, ու հետո տարիներով անհետանան մինչ հաջորդ ընտրությունները”, ասաց Հակոբյանը: “Ես չեմ գնալու ընտրությունների, քանի որ բոլորը ստում են: Թող առանց ինձ ստեր խոսեն”:
Խմբագրի կողմից. Մարիաննա Գրիգորյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի թղթակից է Երեւանում։
