Դիտորդները Հայաստանի ընտրարշավում արձանագրում են թե’ հիմնախնդիրներ թե’ հուսադրող հանգմանքներ
Մարիաննա Գրիգորյան
Վերջերս հրապարակված զեկույցներում տեղական եւ միջազգային դիտորդները բարելավումներ են արձանագրել կապված Հայաստանում մայիսի 12 –ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ։ Սակայն ընտրական օրենսգրքի խախտումներից եւ քարոզարշավի անկանոննություններից կազմված ծաղեփունջը հիմք է տալիս կասկածելու, որ ընտրական գործընթացները կարգի բերելու ուղղությամբ երկրի նախաձեռնած արշավի արդյունքները կարող են լինել ոչ միանշանակ:
“Օրինաց երկիր” ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի բարձրաստիճան դիվանագետի միջեւ տեղի ունեցած՝ ընտրություններին նվիրված խոսակցության գաղտնի ձայնագրման փաստը ամենակտրուկ դատապարտման արժանացավ որպես “տեղեկատվության գաղտնիության” սահմանադրական իրավունքի խախտում: [[Մանրամասները տես Eurasia Insight archive.]։ ] “Ես ավելի շատ հիասթափված եմ այդ ձայնագրման փաստից, քան այլ տեսակի խախտումներից”, ասաց Ավետիք Իշխանյանը, մարդու իրավունքների պաշտպան մի խմբի՝ Հելսինկյան Ընկերակցության նախագահը:
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրոպայի Անվտանգության եւ Kամագործակցության Կազմակերպության Ժողովրդավարական Հաստատությունների եւ Մարդու Իրավունքների Գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) իր վերջին զեկույցում նույնպես անդրադարձել է ձայնագրության սկանդալին: Ապրիլի 18-ից մայիսի 2-ի միջակայքի զեկույցում նշվում է, որ “հայտնի չէ թե արդյո՞ք սկսվել է հետաքննություն առ այն, թե ինչպես է արվել ձայնագրությունը եւ ում կողմից”: Ազգային Անվտանգության Ծառայությունը մերժել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի խնդրանքը հանդիպելու եւ քննարկելու այդ միջադեպը, ասելով, որ գործը չի մտնում ԱԱԾ իրավասության մեջ, ասված է զեկույցում:
Ի պատասխան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի զեկույցին, մայիսի 7-ի հայտարարության մեջ Հայաստանի արտգործնախարարությունը այնուհանդերձ նշել է, որ դիտորդները հնարավորություն չեն ունեցել ստանալու բոլոր տեղեկությունները Արթուր Բաղդասարյանի դեպքի վերաբերյալ:
Մինչ որոշ տեղական դիտորդներ եւ ընդդիմության անդամներ վկայակոչում են ձայնագրումը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Արթուր Բաղդասարյանի դատապարտումը որպես քարոզարշավում իշխող ”վախի մթնոլորտ”-ի մի մաս, այլ դիտորդներ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ն ավելի չեզոք դիրք են գրավում:
“Ընտրությունը քոնն է” Հայաստանում ամենամեծ տեղական դիտորդական խմբի նախագան Հարություն Համբարձումյանը համարում է 2007 –ի ընտրարշավը համեմատաբար ավելի հանգիստ եւ հավասարակշռված, քան 2003 –ին տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները եւ 2005 –ի սահմանադրության հանրաքվեն էին: Ապրիլի 3-ից մայիսի 8 –ը ընկած ժամանակահատվածում ամբողջ Հայաստանով մեկ խումբը իրականացրել է ավելի քան 4000 դիտորդական առաքելություններ: “Մենք արձանագրել ենք ինչպես դրական այնպես էլ բացասական երեւույթներ”, ասաց Համբարձումյանը լրագրողներին մայիսի 8-ի հանդիպման ժամանակ:.
Դրական զարգացումների թվում խումբը նշում է ընտրությունների արդյունքների ծրագրված հրապարակումը Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի էլեկտրոնային կայքում եւ ընտրողներին տրված հնարավորությունը` հաստատելու իրենց գրանցումը համացանցի միջոցով: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն նշում է, որ Հանձնաժողովը “շարունակում է ավելացնել ընտրությունների նախապատրաստական աշխատանքների թափանցիկությունը” եւ բնութագրում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մեծ մասին որպես “արդյունավետ աշխատող” եւ “բաց” միջազգային դիտորդների համար:
Ավելի մեծ է տարակարծությունը կապված Թուրքիայից ԵԱՀԿ ութ դիտորդներին վիզաներ տրամադրելու Հայաստանի մերժման հետ, մի երկիր, որի հետ Երեւանը չունի դիվանագիտական հարաբերություններ: PanArmenian news գործակալությունը մեջբերում է արտաքին գործերի նախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, որը որպես մերժման պատճառ նշում է նման կապերի բացակայությունը, բայց մայիսի 7-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արած հայտարարությունը հակադրվում է սրան, նշելով, որ Հայաստանը որպես ԵԱՀԿ-ի անդամ “պարտավորված է” բավարարելու “ԵԱՀԿ-ի հանձնառությունները ժողովրդավարական ընտրություների մասին, որոնք թվում է նաեւ բոլոր ԵԱՀԿ պետություններին ընտրություններին հետեւելու համար դիտրոդներ ուղարկելու մասին հրավերներ տալը”:
“Ընտրությունը քոնն է” կազմակերպության դիտորդները ողջունել են քաղաքական կուսակցությունների եւ կառավարության պաշտոնյանների կողմից արված բազմաթիվ հրապարակային հայտարարությունները ազատ եւ արդար ընտրությունների կարեւորության մասին: Իշխանությունների կողմից ընտրախախտումների եւ քարոզարշավի բռնությունների դատապարտումները նույնպես բարձր գնահատականների են արժանացել:
Սակայն քարոզարշավին առնչվող որոշ՝ հնից եկող բողոքներ անհանգստության տեղիք են տալիս:
“Ընտրությունը քոնն է” խմբի զեկույցում տարբեր ապրանքների եւ ծառայությունների բաշխումը ընտրողներին նշվում է որպես ընտրական օրենսգրքի ամենաաղաղակող խախտումներից մեկը: Առանձնապես քննադատվում է կառավարամետ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, որը մեծ համբավ է ձեռք բերել բարեգործական գործունեության շնորհիվ (շնորհիվ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի): [[Մանրամասները տես Eurasia Insight archive.]
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում ասվում է, որ կուսակցությունների կողմից ընտրողներին ապրանքներ կամ ծառայություններ բաժանելու արգելքի կիրառությունը “սահմանափակ է,…. քանի որ դատախազները դժկամությամբ են հարուցում գործեր, երբ դժվար է ապացուցել թե հստակ կապ կա [նվերների] եւ ընտրողների վրա ազդելու միջեւ”: Զեկույցն ավելացնում է, որ ԿԸՀ-ն հայտնել է, թե մինչ այժմ նման գործողությունների բողոքներ նա չի ստացել:
Մարդու իրավունքների մի պաշտպան ասում է, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության “բարեգործական” գործողությունները համարժեք են դարձել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վարչական միջոցների կիրառմանը: Սա ”անցյալի դեպք չէ”, ասաց “Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա” իրավապաշտպան կազմակերպության Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Այս կուսակցությունը նաեւ օգտագործում է իր ներկայությունը կրթական համակարգում ու տարբեր կառավարական գործակալություններում “բնակչության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այն աջակցի Հանրապետական կուսակցությանը”, ավելացրեց Սաքունցը: Պետական աշխատողներին Հանրապետական կուսակցության հավաքներին ուղարկելու մասին պատմությունները ընտրողների շրջանում դարձել են սովորական երեւույթ:
“Ընտրությունը քոնն է” խումբը անդրադարձել է նաեւ կառավարության անդամների պաշտոնական գործուղումների եւ քարոզարշավի միջոցառումների միջեւ հստակ բաժանիչ գծի բացակայությանը: Այս առումով հիշատակվել են ինչպես Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որը Հայաստանի իշխող կոալիցիայի անդամ է: “Խորհրդարանում տեղերի համար պայքարող քաղաքական ուժերի համար սկզբնական պայմանները հավասար չեն”, ասաց Համբարձումյանը:
Ընդդիմության որոշ անդամներ բողոքել են նաեւ անձնագրերի տվյալների հավաքման դեմ որպես քարոզարշավի մեկ այլ երեւույթ, որը հիմնվում է պաշտոնյաների՝ պատասխան տալու դժկամության վրա: Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը անձնագրերի հավաքման վերոհիշյալ դեպքերը որակում է որպես “անեկդոտներ”, որոնք “հնարավոր չէ ճշտել”, բայց նշում է, որ նման պատմությունները ցույց են տալիս “ընտրազանգվածի մի հատվածի անվստահությունն եւ ցինիզմը”:
Կառավարությունն անմիջապես արձագանք չներկայացրեց տեղական դիտորդների կարծիքների վերաբերյալ. (Մայիս 9-ը Հայաստանում պետականորեն համարվում է տոն ի հիշատակ Եվրոպայում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտի):
Խմբագրի կողմից. Մարիաննա Գրիգորյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի թղթակից է Երեւանում։
