News & Views Election Diagram Photo Digest Parties & Players Your Response Q & A

go to news archive go to news main page

Ի՝նչ կա անվան մեջ: Ընտրացուցակի զգալի մասը վիճարկելի է

Գայանե Աբրահամյան
Հրապարակվել է 2007թ. մայիսի 10-ին,

Ընտրացուցակները երկար ժամանակ եղել են Հայաստանի ընտրությունների ցավոտ խնդիրը: Մայիսի 12-ին երկրում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ էլ, լրիվ թափով շարունակվում են բանավեճերը ընդդիմության եւ ընտրական հանձնաժողովի անդամների միջեւ, թե արդյո՞ք ընտրացուցակները ճշգրիտ են։

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը խոստացել է, որ ԿԸՀ- ն կանի հնարավորը ուղղելու սխալ ու հնացած ընտրացուցակները, որոնք աղճատել են Հայաստանի նախորդ ընտրությունները:

“Ես հրաժարական կտամ, եթե ընտրացուցակները հարյուր տոկոս [մաքուր] չլինեն”. լրտվամիջոցները Ազարյանի այս խոսքերը տարածեցին ապրիլի 19-ին: “Անհնար է ընտրացուցակները լիովին ազատել մահացած մարդկանց անուններից: Իսկ մեր ցուցակները երբեք այնքան մատչելի չեն եղել, որքան այսօր”:

Ընտրացուցակներում արված ուղղումների հետեվանքով, մայիսի 10-ի դրությամբ, ընտրողների թիվը կազմել է 2 միլիոն 285 հազար 830: Ըստ ոստիկանության անձնագրի եւ վիզաների բաժանմունքի, որը պատասխանատու է ընտրացուցակների շտկումների համար, մեկ ամսվա ընթացքում ընտրողների թիվը նվազել է 42 հազար 917-ով: Հանգուցյալ ընտրողները կազմել են ցուցակներից հանված անուների մոտ մեկ քառորդը: Մայիսի 12-ի ընտրությունների համար գրանցվելու պաշտոնական վերջնաժամկետը ավարտվեց ապրիլի 27-ին:

Ընտրողներին խնդրում են ստուգել իրենց անուները ԿԸՀ-ի էլեկտրոնային կայքում տեղեդրված գրանցված ընտրողների ցուցակում եւ զանգահարել ՙթեժ գծով՚ բացթողումների մասին տեղեկացնելու համար: Սակայն Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության Դեմոկրատական Հաստատությունների եւ Մարդու Իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության կողմից ներկայացված զեկույցում նշվում է. “համաձայն հաղորդագրությունների, քիչ քանակությամբ մարդիկ են օգտվել երկու “թեժ գծերի” ծառայություններից ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների մասին հայտենլու համար, կամ ստուգել իրենց գրանցված լինելը ՏԸՀ-ի (տեղամասնային ընտրական հանձնաժողովի) ցուցակներում”:

Գնդապետ Ալվինա Զաքարյանը` ընտրացուցակների համար պատասխանատու ոստիկանական բաժանմունքի ղեկավարը, EurasiaNet –ին հայտնեց, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրացուցակները լինեն “հնարավորինս չափ մաքուր”: Մայիսի 12-ի ընտրություննրը նշանակալից կլինեն իրենց բարելավված ընտրացուցակների առումով, հայտարարեց նա: Սակայն որոշ ընդդիմադիր կուսակցություններ պնդում են, որ դեռեւս շատ անելիքներ կան:
“Օրինաց Երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ, իր կուսակցության անդամների կողմից անցկացված հարցման տվյալներով ընտրացուցակների 25-ից 30 տոկոսը դեռ մնում են չճշտված: “Ընտրացուցակներում կան հասցեներ եւ շենքեր, որոնք ընդհանրապես գոյություն չունեն”, ասաց նա:

Օրինակ, Երեւանի Կենտրոն համայնքի մի փողոցի բնակիչներ նկատել են, որ ընտրությունների ծանուցումներ են ներկայացվել ընտրողներին, որոնք ապրում են փողոցի զույգ թվերով համարակալված հասցեներում, չնայած որ փողոցը չունի նման թվեր: Նման հայտարարություններ կան նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներից:

Բաղդասարյանը EurasiaNet-ին ասաց, որ նա գրավոր բողոք է ներկայացրել ոստիկանությանը` կապված սխալ հասցեների եւ գոյություն չունեցող ընտրողների անունների հետ, բայց դեռեւս ոչ մի պատասխան չի ստացել: Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը կասկած է արտահայտում, թե ոստիկանական բաժանմունքի կողմից խոստացված ուղղումները տեղ կգտնեն վերջնական ցուցակներում:

“Շատ հաճախ վերջնական ընտրացուցակները, որոնք փակցվում են ընտրություններից երկու օր առաջ, չեն ներառում հայտարարված փոփոխությունները, եւ մարդիկ պարզապես չեն հասցնում տեղեկացնել դրանց մասին եւ ուղղումներ անել”, ասաց նա:

Հայաստանի իշխող կոալիցիայում ներկայացված մի կուսակցության պատգամավոր արձագանքել է այս անհանգստություններին: Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջնորդներից մեկը՝ Հրայր Կարապետյանը, հայտարարեց որ միայն Երեւանի Արաբկիր համայնքում իր կուսակցությունը բացահայտել է 900 անունների կրկնություն:

“Անձնագրային բաժինը ստուգեց ու հայտենց, որ բոլոր այդ մարդիկ իրակականում գոյություն ունեն, եւ որ նրանք պարզապես ունեն նույն անունները”, EurasiaNet-ին ասաց Կարապետյանը: Նման թերությունները, ավելացրեց նա, “կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա”:

Ոստիկանության բաժանմունքի պետ գնդապետ Զաքարյանը շեշտեց, որ վերջնական ընտրացուցակներում անհրաժեշտ փոփոխություններ արդեն արվել են:

Ընդդիմադիր կուսակցության մի ակտիվիստ, որի կուսակցությունը դուրս է եկել պայքարից, հայտարարում է, որ սխալ հասցեներն ու բնակիչների անունները օգտագործվում են որոշ մարդկանց կողմից, որոնք այնուհետեւ օգտագործում են գոյություն չունեցող ընտրողների անունները որոշակի կուսակցությունների օգտին ձայներ գրանցելու համար: “Ես շատ անգամ մասնակցել եմ ընտրություններին եւ տեսել, թե ինչպես են նրանք ցույց տալիս անձնագրեր եւ ստանում ընտրաթերթիկներ, բայց իրականում դրանք ոչ թե անձնագրեր են, այլ միայն դրանց շապիկներ”, ասաց Արմեն Առաքելյանը, որը Հայոց Համազգային Շարժումից խորհրդարանական ընտրություններին առաջադրված մի նախկին թեկնածուի գրասենյակի ղեկավար էր:

Չեն դադարում վիճաբանությունները՝ կապված իշխանամետ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության, ինչպես նաեւ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կոցմից անձնագրերի տվյալների ենթադրվող հավաքման հետ: Տվյալներ, որոնք տեղական դիտորդների եւ ընդդիմության անդամների կարծիքով կարող են օգտագործվել ընտրակեղծիքների համար: Երկու կուսակցություններն էլ հերքում են, թե կապ ունեն որեւէ նման մեքենայության հետ: [Մանրամասները տես Eurasia Insight archive.]

Այսուհանդերձ, Երեւանի Արաբկիր համայնքի Գյուլբենկյան փողոցի 60-ամյա մի բնակիչ EurasiaNet-ին պատմեց այսպիսի մի պատմություն: ”Ես այցելում եմ մեկ-մեկ բոլոր բնակարանները եւ հարցնում, թե քանի՞ մարդ է գրանցված այնտեղ եւ թե արդյո՞ք նրանք կլինեն ընտրությունների օրը”, ասաց այդ մարդը, որը խնդրեց իր անունը գաղտնի պահել: Նա EurasiaNet ին ցույց տվեց մի ցուցակ, որը նա կազմել էր մի բազմաբնակարան շենքի համար, եւ որից երեւում է ր, որ շենքի բնակիչների կեսից ավելին Հայաստանում չեն :

“Նրանց [կուսակցությանը] պետք են առաջին հերթին այն անձանց անունները, որոնք ընտրության օրը բացակայելու են Հայաստանից”: Այդ մարդն ասաց, որ տեղեկատվության համար նա “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից ստանում է մոտավորապես 100 ամերիկյան դոլար, բայց չգիտի թե նրանց ինչին է դա պետք: ”Ես մենակ չեմ”, ասաց նա: “Հարեւան շենքերում էլ կան մարդիկ որ փող են ստանում այսպիսի ցուցակներ կազմելու համար”:

Ընդդիմադիր “Օրինաց երկիր” կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը կարծում է, որ նման ցուցակները կօգտագործվեն այսպես կոչված “ընտրողների շարժական խմբերի” կողմից, որոնք, ըստ նրա, “կգնան մի ընտրարածքից մյուսը եւ կընտրեն բացակա մարդկանց տեղը: Որպեսզի նրանք չբռնվեն ուրիշ մարդկանց տեղը քվեարկելու համար, նրանք հավաքում են ստույգ տվյալներ այն մասին, թե ովքեր այստեղ չեն լինելու [ընտրության օրը]”; Բայց “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խոսնակ Բաղդասար Մհերյանը հերքեց այդ մեղադրանքը: Կուսակցությունը, որը հայտարարում է որ երկրի ամենամեծ կուսակցությունն է, նման տեղեկատվության կարիք չունի, ասաց նա:

“Մենք ունենք 400 հազար անդամ եւ նրանցից յուրաքանչյուրն ունի ընտանիքի անդամներ”, ասաց Մհերյանը “: Եթե մենք սոսկ կրկնապատկենք այդ [անդամների] թիվը, ապա արդյունքը բավարար կլինի: Բայց մենք ավելի շատ էլ կունենանք”:

ԵԱՀԿ/ԴՀՄԻԳ – ի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, ինչպես նաեւ “Ընտրությունը քոնն է” տեղական դիտորդական աառաքելության զեկույցների համաձայն, ընտրողների նման խմբեր կիրառվել են 2003-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:


Խմբագրի կողմից. Գայանե Աբրահամյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի լրագրող է Երեւանում։



Reprints: Want to use a EurasiaNet.org story or  photo on Armenia's 2007 parliamentary elections? Please see our republication guidelines first.


A vandalized voters' list in a suburb of Yerevan was not fixed several days before the May 12 elections. Read More(Dean C.K. Cox for EurasiaNet)

Armenian postal service Haypost printed and delivered more than 2.3 million voting reminder letters. (Onnik Krikorian for EurasiaNet) Read More(Onnik Krikorian for EurasiaNet)

Youth activists from the minor National Democratic Party hand out campaign literature. (Onnik Krikorian for EurasiaNet) Read More(Onnik Krikorian for EurasiaNet)
ARMENIA: VOTE 2007 is a production of EurasiaNet.org with funding provided by the Open Society Institute. Copyright © 2007, EurasiaNet.org. EurasiaNet.org EurasiaNet.org
Armenia: Vote 2007 Feedback Resources Credits Email This Page