Հայաստանի ղեկավարները ակնկալում են, որ ուժեղ դիրքեր կունենան նոր խորհրդարանում
Էմիլ Դանիելյան
Հրապարակվել է 2007թ. մայիսի 11-ին
Խորհրդարանական ընտրություններից միայն մեկ օր առաջ Նախագահ Ռուբերտ Քոչարյանն ու իր կարեւորագույն քաղաքական դաշնակիցները դրսեւորում են համոզվածություն, որ նրանք նոր խորդարանում վճռական մեծամասնություն կունենան: Պարզ չէ սակայն, թե արդյո՞ք նրանք կխուսափեն հետընտրական գզվռտոցից: Մյուս կողմից, Քոչարյանի առավել անհաշտ հակառակորդները նախապատրաստում են հակակառավարական ցույցերի մի արշավ, ինչը, նրանց խոսքերով, կլինի քվեարկության անխուսափելի կեղծումների պատասխանը:
Կառավարող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր լավ ֆինանսավորված ընտրարշավն ավարտեց մայիսի 10-ին` հանրահավաքով Երեւանի կենտրոնում: Նրա առաջնորդը` վարչապետ Սերժ Սարգսյանը, հազարավոր ունկնդիրներին դիմեց մի ճառով, որն ավելի շատ նման էր նախագահության համար առաջադրվելու համաձայնության, քան թե իր օգտին քվեարկելու մի վերջին կոչի:
“Մենք ձեզ չենք լքի: Մենք կարդարացնենք ձեր վստահությունը: Մենք ոչ մի քայլ չենք անի, որի համար հետո ամաչենք”, ասաց Սարգսյանը իրեն ոչ բնորոշ հուզականությամբ դիմելով ամբոխին, որը կազմված էր մեծ մասամբ պետական ապարատի ծառայողներից ու պետական սեկտորի այլ աշխատակիցներից: Նրա խոսքերով, ՀՀԿ-ն այժմ “ուժեղ է ինչպես երբեք”:
Մայիսի սկզբին ունեցած մի ուրիշ ելույթի ժամանակ Սարգսյանը կանխատեսում արեց, որ իր կուսակցությունն ավելի ձայներ կստանա, քան իր ախոյաններից որեւէ մեկը: Իրար մեջ բարձրաստիճան հանրապետականները խոսում են խորհրդարանի 131 տեղերից առնվազն 50-ի մասին ու նույնիսկ ասում են, որ կարող են մեծամասնություն ունենալ նոր Ազգային Ժողովում:
Սակայն մայիսի 10-ի երեկոյան հեռարձարկված մի ելույթում Նախագահ Քոչարյանը Հանրապետականի շանսերի մասին ավելի զգուշորեն արտահայտվեց: Թեեւ նա կանխատեսեց, որ խորհրդարանում կգերակշռեն հիմնական նախագահամետ կուսակցությունները, բայց եւ ասաց, որ դժվար թե նրանցից որեւէ մեկն ի վիճակի լինի “միաձնյա կառավարություն կազմել”:
Այդուհանդերձ, Քոչարյանն առանձնացրեց ՀՀԿ-ն որպես իր համար առավել նախընտրելի հաղթող: “Կարծում եմ, լավ կլինի, որ Հանրապետական կուսակցությունը ծանրակշիռ ներկայություն ունենա խորհրդարանում”, ասաց նա Հայաստանի երեք ամենամեծ լսարանով հեուստաալիքներով: Նա պատճառաբանեց, որ հարավկովկասյան այս երկրի առջեւ ծառացած թիվ մեկ մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունն է ու Ադրբեջանի սպառնալիքները` վեճը լուծել ուժով:
“Հիմա եկեք մտածենք, թե ով է ի վիճակի դիմակայել այս սպառնալիքը”, ասաց Հայաստանի ղեկավարը: “Նրանք ովքեր անցել են պատերազմը, իրենց կենսագրությամբ մասնակցել Զինած ուժերի ձեւավորմանը, թե՞ գործիչներ, որոնք գումարտակը վաշտից եւ հրացանը գնդացրից չեն տարբերում”:
Սա մի ակնհայտ ակնարկ էր այն մասին, որ վարչապետ Սարգսյանը եղել էր Ղարաբաղի հայերի բանակի առաջին գլխավոր հրամանատարը 1992-94թթ. Ադրբեջանի դեմ մղված պատերազմում: Ինքը`Քոչարյանը, այն ժամանակ այդ վիճելի տարածքի քաղաքական ղեկավարն էր: Հետագայում, գրավելով բարձր պաշտոններ Երեւանի կառավարությունում, երկու ղարաբաղցիները մի զորեղ տանդեմ ստեղծեցին: Այժմ համարվում է, որ Սարգսյանը կգրավի Քոչարյանի տեղը երբ վերջինս կավարտի իր երկրորդ ու վերջին նախագահության ժամանակը 2008թ. սկզբին: Քոչարյանը արտաքուստ դեմ չէ այս պլաններին, բայց ակնհայտորեն փորձում է մնալ կառավարությունում մեկ այլ պաշտոնով, հնարավոր է` որպես վարչապետ: Տեղացի դիտորդներն ասում են, որ դա կարղ է Սարգսյանի սրտով չլինել: Ոմանց կարծիքով, երկու բարձրագույն հայ ղեկավարների միջեւ հաճախանում են ընդհարումները:
Թեեւ Քոչարյանը իր հեռուստաելույթում այդպիսի ընդհարումների մասին որեւէ ակնարկ չարեց, բայց նա մի հազիվ քողարկված ակնարկ արեց ի պաշտպանություն ընտրախավի մյուս առաջատարի` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության, որի ղեկավարը` Գագիկ Ծառուկյանը համարվում է երկրի ամենահարուստ “օլիգարխը”: Նա ասաց, որ երկրի կայուն տնտեսական աճը խարսխված է նրանց վրա, “ովքեր մասնավոր հատվածում իրենց խելքով հազարավոր աշխատատեղեր են ստեղծել, հարստացել են, բարեգործությամբ են զբաղվում»:
[Նախընտրական] բարեգործությունը, որը Հայաստանի ընդդիմության կողմից պախարակվում է որպես մեծածավալ ընտրակաշառք, կազմում է “Բարգավաճ Հայաստան”-ի ընտրարշավի կենտրոնական բաղադրիչը, ինչը ժողովրդին հաճախ ավելի էր ոգեւորում քան կառավարության կազմակերպած հանրահավաքները [Մանրամասները տես Eurasia Insight archive.]
Ողջ քարոզաշավի ընթացքում Ծառուկյանին շրջապատում էին բազմաթիվ երկրպագուներ, մեծ մասամբ անապահով խավից, որոնք տպավորված են նրա նվիրատվություններով` սկսած հաշմանդամների սայլակներից ու շտապ օգնության մեքենաներից մինչեւ լավ կյանքի խոստումները: Հայաստանի օրենսդրությունը արգելում է թեկնածուներին` որեւէ տեսակի ապրանքեր կամ ծառայություններ տրամադրել ընտրողներին: Իր համարյա բոլոր նախընտրական ճառերում մկանոտ մեծահարուստը, որը, ըստ լուրերի, խորհրդային ժամանակ բանտ է նստել բռնաբարության համար, ընդգծում է, որ ինքն ունի “ամեն ինչ” ու ոչ մի պետական պաշտոն չի ուզում, դրանով իսկ ավելի ուժեղացնելով լայնորեն տարածված կարծիքը, որ իր կուսակցությունը սոսկ Քոչարյանի ապագան ապահովելու գործիք է:
“Բարգավաճ Հայաստան”-ը պնդում է, թե ունի 400 հազարից ավելի անդամ, (ինչը համարժեք է երկրի ընտրական իրավունք ունեցողների 17 տոկոսին), եւ հավակնում է այդքան էլ ձայն ստանալ մայիսի 12-ի քվեարկությանը: Դա գրեթե հաստատապես կապահովի նրա համոզիչ հաղթանակը: Նախորդ` 2003 թվականի, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի հաղթանակը ապահվվեց 300 հազարից էլ քիչ ձայներով, թեեւ, ըստ հաղորդուների, ոչ առանց կեղծիքների: Այս պատճառով կարծիք կա, որ ընտրախավի այս երկու կուսակցությունները կարող են առճակատվել իրար դեմ:
Սարգսյանը Ծառուկյանի վրա հարձակվեց մայիսի 6-ին Երեւանի Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի նախընտրական հանրահավաքի ժամանակ: “Մեր որոշ հակառակորդներ ասում են, որ իրենք իշխանության կարիք չունեն, որովհետեւ իրենք ամեն ինչ ունեն, նրանք պարզապես ուզում են ժողովրդի կյանքը լավացնել”, ասաց վարչապետը ծաղրալից տոնով, ու ավելացրեց. “Նրանք իշխանություն չեն ուզում, որոհետեւ չգիտեն թե դա ինչ բան է”:
Երկու օր անց Ծառուկյանը մի հանրահավաքում պատասխանեց. “Ես ասել եմ որ կառավարական պաշտոն չեմ ուզում, որովհետեւ ես ունեմ պաշտոն: Ես Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահն եմ”:
Հաջորդ կառավարությունում տեղերի ակնկալիք ունի նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), ՀՀԿ-ի կրտսեր գործընկերը ներկա կառավարությունում: ՀՅԴ-ի առաջնորդնեըը մայիսի 9-ին հայտարարեցին, որ իրենց կուսակցությունն ուզում է ընտրություններից հետո ձեւավորվելիք կառավարությունում ունենալ պաշտպանության նախարարի կարեւոր պաշտոնը: Նրանք նաեւ կրկնեցին իրենց սպառնալիքը, թե կդառնան ընդդիմություն Քոչարյանին, եթե քվեարկությունը չհամապատասխանի ժողովրդավարական չափանիշներին:
Անկախություն ստանալուց ի վեր, Հայաստանում անցկացված խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից ոչ մեկը ազատ ու արդար չի ճանաչվել ամերիկյան ու եվրոպական դիտորդների կողմից: Երկրի երեք առավել արմատական ընդդիմադիր խմբերը ենթադրում են, որ քվեարկության խախտումները կկրկնվեն ու արդեն կոչ են արել իրենց կողմնակիցներին հավաքվել մայիսի 13-ին Երեւանի Ազատության հրապարակում ու փողոցային պայքար մղել իշխանափոխության համար:
Ապրիլի վերջին Քոչարյանը զգուշացրեց, որ ընտրություններից հետո իրեն գահընկեց անելու փորձերը կոշտ հակահարված կստանան կառավարության կողմից: Իր մայիսի 10-ի ելույթում նա հույս հայտնեց, որ նոր հայկական խորհդարանում միայն “կառուցողական” ընդդիմադիր ուժեր ներկայացված կլինեն, թեեւ չճշտեց, թե ում նկատի ունի:
Կան երկու կուսակցություններ, որոնք հավանաբար դրանց թվին չեն դասվում. խորհրդարանի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի “Օրինաց Երկիրը” եւ ԱՄՆ-ում ծնված նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի “Ժառանգությունը”: Իր հայտարարություններում Քոչարյանը հասկացնել է տվել, որ այդ երկու արեւմտամետ ուժերից ոչ մեկին նա չի համարում “կառուցողական”:
Խմբագրի կողմից. Էմիլ Դանիելյանը երեւանցի լրագորղ է ու քաղաքական վերլուծաբան:
