Դիտորդները Հայաստանի ընտրությունները որակում են “բարելավված”
Մարիաննա Գրիգորյան
Հրապարակված է 2007թ մայիսի 13 ին
“Ազատ եւ արդար ընտրություններ” ստանդարտ ձեւակերպումը այդպես էլ չօգտագործվեց: Բայց միջազգային դիտորդների նախնական գնահատականները մայիսի 12- ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին դրան բավական մոտ էին. այն է` ընտրությունները “ժողովրդավարական էին”:
“Հայաստանի ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ բարելավված էին եւ անցկացվեցին հիմնականում ժողովրդավարական ընտրությունների միջազգային նորմերին համապատասխան”, Երեւանում մայիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի փոխնախագահ Թոն Թինգսգարդը: “Այժմ լրացուցիչ ջանքեր են հարկավոր Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու համար: Դա բոլոր քաղաքական ուժերից կպահանջի միացյալ ջանք եւ կամք”:
Ընտրությունները վերահսկում էին մի քանի հարյուր դիտորդներ ԵԱՀԿ Ժողովրդավարական Հաստատությունների եւ Մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից:
Ձայների հաշվումն ավարտվեց մայիսի 13-ի երեկոյան: Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքների համաձայն, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարել է համոզիչ հաղթանակ, ստանալով տրված ձայների 32,8 տոկոսը: Նորահայտ իշխանամետ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը 204 հազար 443 ձայնով (14,7 տոկոս) գտնվում է երկրորդ տեղում, որին հետեւում է կառավարական կոալիցիայի կրտսեր անդամ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ): Ընդդիմադիրներից միայն “Օրինաց երկիր” եւ “Ժառանգություն” կուսակցություններն են հաղթահարել հինգ տոկոսի արգելանքը խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար:
“Մեր վերահսկած ընտրական տեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրությունների ընթացքը գնահատվել է դրական, իսկ ձայների հաշվարկումը , թեեւ շատ դանդաղ էր, բայց հիմնականում շատ ճիշտ կերպով անցկացվեց”: մեկնաբանեց Թինգսգաարդը, որը վերահսկում էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի կարճաժամկետ դիտորդներին:
Դիտորդները շնորհավորեցին հայաստանցիներին “ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում ցուցաբերած կամքի” առթիվ, ընդսմին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լեո Պլատվոյետն ավելացրեց, որ իրենք “խորապես զգացված են ընտրողների, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովների շահագրգրվածությունից իրենց ժողովրդավարական պարտականությունները կատարելու գործում”:
Այս գնահատականներն ըստ էության վերացնում են այն անհանգստությունը, թե Հայաստանը կարող էր զրկվել Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող 235 միլիոն դոլար արժողությամբ Հազարամյակի Մարտահրավերներ ծրագրից կամ Եվրոպայի Միության հետ կապերի սերտացումից, այն դեպքում, եթե միջազգային գնահատականները անբարենպաստ լինեին։
Սակայն տեղական ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության որոշ ակտիվիստների արձագանքները իրենց տեսածի մասին շատ հեռու էին լավատեսական լինելուց: “Սկսել ա” երիտասարդական խմբի մի անդամ դիտորդների հայտարարություններն անվանեց “անեկդոտ” եւ ասաց, որ նրանք ուղերձ են հղել հայաստանցիներին: “Մենք պետք է հույսներս դնենք ինքներս մեզ վրա, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդավարությունը”, ասաց նա: “Այլ ոչ թե ուրիշների”:
Ընդդիմադիր կուսակցությունները, տեղական դիտորդները եւ լրագրողները բազմիցս վկայակոչել են այնպիսի փաստեր, ինչպիսիք են քվեների եւ անձնագրերի տվյալների գնումը, կուսակցությունների կողմից կազմակերպված մարդկանց ընտրատեղամասեր տեղափոխումը, ինչպես նաեւ քվեաթերթիկներում նշումներ անելու համար հատուկ գրիչների բաժանումը: Սակայն դիտորները պնդում էին, որ ընտրողներին հնարավորություն է տրվել քվեարկելու առանց արտաքին ճնշման։
“Մենք լսել ենք այդ ամենի մասին”, ի պատասխան այդ հայտարարությունների ասաց ԵԱՀԿ/ԾՀՄԻԳ դեսպան Բորիս Ֆրլեցը, որը ղեկավարում էր այդ կազմակերպության երկարաժամկետ առաքելությունը: “Մենք ականատես ենք եղել շատ հերթերի [ընտրատեղամասերի դրսում կանգնած մարդկանց, մի փաստ, որը որոշ դիտորդների կողմից վերագրվել էր տեղամասերի գերբեռնվածությանը, ինչպես նաեւ քվեների գնմանը] բայց ընտրակաշառքի բաշխման որեէ դեպք չենք նկատել:. Միգուցե այն պատճառով, որ նման բաները ավելի զգուշորեն են արվում”:
Ընհանուր առմամբ դրական գնահատականով հանդերձ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչ Պլատվոյետը մանրամասնեց, որ քարոզարշավը եւ ընտրություններն ունեին եւ՜ դրական եւ՜ բացասական կողմեր: “Այն ոչ սեւ է, եւ ոչ էլ սպիտակ”, ասաց նա: “Բայց ավելի շատ սպիտակ է, քան սեւ”:
Դրական կողմերի թվում են քարոզարշավի լայն լուսաբանումը լրատվամիջոցների կողմից, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսության կողմից տրամադրած անվճար եթերաժամը, “ ներառյալ” թեկնածուների գրանցումը եւ քարոզարշավի` “բարյացակամ մթնոլորտը” գովազդային պաստառների փակցնելու համար:
“Մենք տեսանք թե ինչպես են իշխանությունները լուրջ ջանքեր գործադրում, որպեսզի խուսափեն նախորդ ընտրություններում տեղ գտած խնդիրներից եւ ունենան առողջ ընտրարշավ”, ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դեսպան Բորիս Ֆրլեցը, որը վերահսկում էր կազմակերպության 29 երկարաժամկետ դիտորդներին:
Քվեների հաշվարկման գործընթացը պակաս դրական էր գնահատվել: Մինչ դիտորդները կարծում էին, որ “հաշվարկումը հիմնականում արվում էր ճիշտ կերպով” զեկույցը նշում է, որ Հայաստանի 1923 ընտրատարածքների ընտրական հանձնաժողովների քսան տոկոսն “արձանագրություն կազմելու հարցում դժվարությունններ ուներ”. այդ արձանագրությունները պետք է կցվեին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացվելիք արդյունքներին: Մի քանի տարածքների ընտրատեղամասերում նկատվել են “դիտավորյալ կեղծիքներ”: Ըստ զեկույցի, կարուսելային քվեարկության եւ ձայների գնման դեպքեր նույնպես նկատվել են: Մի ընտրատարածքում իշխանամետ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ներկայացուցիչները վերցրել էին ընտրական հանձնաժողովի պաշտոնական կնիքի թանաքաբարձիկը, ինչի պատճառով քվեարկությունը.ժամանակավորապես կանգնեցվել էր:
Սակայն, լրագրողներին արված իրենց դիտողություններում որոշ դիտորդներ, զգուշություն ցուցաբերելով, չափավոր էին արտահայտվում հենց նոր հրապարակված ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք դիտորդները բավարարվա՞ծ են այն բանց, որ նախնական արդյունքների ճիշտ են, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Թինգսգարդը նշեց, որ նա “տվյալներին լիովին ծանոթ չէ”, եւ հույս հայտնեց, որ արդյունքները “արտացոլում են ժողովրդի կամքը”:
“Գործարար եւ քաղաքական շահերի միահյուսումը” մեկ այլ արատ է, նշեց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լեո Պլատվոյետը: Նա նաեւ անդրադարձավ քաղաքական առաջնորդների պաշտոնական պարտականությունների եւ նրանց քարոզարշավի գործունեությունների միջեւ բաժանարար գծի անբավարար հստակությանը, մասնավորապես օրինակ բերելով վարչապետ եւ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին:
Սակայն դիտորդների պնդմամբ այդ թերությունները էական ազդեցություն չունեցան ընտրությունների վրա: Ինչեւիցէ, նրանք նշեցին, որ մոնիտորինգը կշարունակվի:
“Այս ընտրությունները դեռեւս ավարտված չեն”, ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դեսպան Ֆրլեցը: “Մենք կշարունակենք հետեւել հետընտրական անցուդարձին եւ միայն դրանց ավարտից հետո մենք կունենանք վերջնական պատկերը”:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը խորհրդարանական քարոզարշավի եւ ընտրությունների վերաբերյալ կհրապարակվի երկու ամսից:
Խմբագրի կողմից. Մարիաննա Գրիգորյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի լրագրող է Երեւանում։ EurasiaNet-ի Կովկասյան նորությունների խմբագիր Էլիզաբեթ Օուենը նույնպես մասնակցել է այս հոդվածի պատրաստմանը:
