Wednesday, February 13, 2008
Հայ հեղափոխական դաշնակցություն. ինչպես միշտ քաղաքական «այլընտրա՞նք»
Գայանե Աբրահամյան: 02/13/08

Քաղաքականության մետաֆիզիկական թնջուկում Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ կառավարության մասն է հանդիսանում, նախընտրական արշավ է իրականացնում Նախագահի պաշտոնի համար` հանդես գալով որպես ընդդիմություն կառավարությանը: Ըստ որոշ վերլուծաբանների` ընտրողները կարող են այս տարանջատումը չնկատել:

Ըստ տեղական մամուլի հաղորդումների` Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) նախագահական թեկնածու Վահան Հովհաննիսյանը փետրվարի 11-ին Արարատի մարզում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, - «Մե´նք ենք այլընտրանքը»: «Դուք ուզում եք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, փոխել կառուցվածքը` մենք կարող ենք անել դա: Ո´չ նախկին կառավարությունը [թեկնածու` Լևոն Տեր-Պետրոսյան], ո´չ էլ այսօրվանը [թեկնածու` Սերժ Սարգսյան, ներկայիս վարչապետը] չեն կարող հաջողության հասնել, քանի որ նրանք միայն անունները կփոխեն»:

«Նրանցից մեկը փորձում է [ընտրողներին] իր կողմը գրավել ատելությամբ և ռեժիմի փոփոխությամբ: Մյուսը` փորձում է իրավիճակւ ձեռքում պահել` օգտվելով պետության լծակներից և ճնշում գործադրելով», - պարզաբանել է ՀՅԴ նախագահ Հրանտ Մարգարյանը: «Մենք փորձում ենք երկուսին էլ հաղթել»:

Ազգայնական-սոցիալիստական կուսակցությունը, որն ամենահինն է Հայաստանում, աջակցել է պաշտոնավարումն ավարտող նախագահ Ռոբերտ Քոչարյանին 1998 և 2003 թվականներին և մինչև 2007թ. հանդիսացել է Հայաստանի կոալիցիոն կառավարության մաս:

2007 պատգամավորական ընտրությունների նախօրէին այն ընդունել է ընդդիմական կարգախոսներ՝ կառավարությունում պահպանելով նախարարական երեք պորտֆել: Վերջում այն հրաժարվեց միանալ պաշտոնական կոալիցիայում գտնվող վարչապետ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցությանը (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, սակայն ձեռք բերեց նախարարական չորս պաշտոն՝ Գյուղատնտեսության, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարություններում:

Կառավարամետ որոշ քաղաքական գործիչներ հարցնում են, թե ինչպես կարող է կուսակցությունը հանդիսանալ կառավարության մաս և, այդուհանդերձ, քննադատել նրան: «Ես վաղուց եմ ասել՝ դա նույն է, որ սեքսով զբաղվես, բայց կույս մնաս», - մեկնաբանել է «Հանրապետական» կուսակցության վետերան, պատգամավոր Գալուստ Սահակյանը: «Դա անհնար է»:

Հաշվի առնելով կուսակցության 117-ամյա պատմությունը՝ բնակչության խոշոր մասը դաշնակներին (Հայ հեղափոխական դաշնակցության ընդունված անվանումը) համարում է քաղաքական հզոր ուժ, սակայն վերլուծությունները նշում են, որ դժվար թե սա մեկնաբանվի որպես Հովհաննիսյանին այլընտրանքային կենսունակ «թեկնածու» դարձնելու ցանկություն: Խորհրդարանի փոխխոսնակ Հովհաննիսյանի քարոզարշավը դաշնակ առաջնորդի կողմից իրականացվող առաջին նախագահական քարոզարշավն է 1991թ. ի վեր:

«Մարդիկ ՀՅԴ-ին համարում են կառավարության մաս, քանի որ արդեն 10 տարուց ավելի է, ինչ նրանք կառավարությունում և խորհրդարանում են», - ասում է քաղաքական վերլուծաբան Նունե Մկրտչյանը: «Սակայն, քանի որ նրանց կողմից վերահսկվող ոլորտներում, մասնավորապես Կրթության նախարարությունում, բազմաթիվ դրական փոփոխություններ են եղել՝ մարդիկ հակված են վստահելու ՀՅԴ-ին»:

Սակայն որոշ քննադատներ կվիճեն, որ կուսակցության աշխատանքային գործակցությունը ՀՀԿ-ի հետ չի սահմանափակվում միայն քաղաքականությամբ: Հովհաննիսյանի դուստրն ամուսնացած է վարչապետ Սարգսյանի եղբորորդու հետ: Հակառակորդ թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը ենթադրել է, որ Հովհաննիսյանը փորձում է իր կողմը գրավել ընդդիմության ընտրազանգվածին, որպեսզի երկրորդ փուլի ժամանակ այդ ձայները տա Սարգսյանին:

Հունվարի 30-ի քարոզարշավի ժամանակ Հովհաննիսյանը նման առաջարկությունն անվանել է «ողորմելի և նենգ հերյուրանք»: Նա պնդել է, որ ինքն իր սեփական թեկնածուն է: «Մենք մինչև վերջ գնալու ենք և իմ ձայները ոչ մեկին չեմ տալու»:

Սակայն քննադատություն ստացվում է ոչ միայն Տեր-Պետրոսյանի ճամբարից: Կառավարամետ հեռուստաընկերությունները եթեր են հեռարձակել խորհրդային ժամանակաշրջանի հակադաշնակցական ֆիլմեր, որտեղ կուսակցությունը ներկայացվում է որպես «ազգի թշնամի»: Դաշնակների աջակիցները մեղադրել են կառավարությանը օբստրուկցիոնիզմի մեջ, որոնց ճնշմամբ տապալվել են փետրվարի 11-ի երկու հանրահավաքները: Պաշտոնյաները չեն արձագանքել մեղադրանքներին:

Սակայն, եթե ընտրողներին շփոթեցնում է ՀՅԴ-ի ինքնությունը («Ո՛չ ասենք անցյալին, փոխենք ներկան» ասում են կարգախոսները), կուսակցության կողմից քարոզարշավում ներդրված նորամուծությունները կարողացել են գոնե աղմուկ առաջացնել: Դրանցից են ԱՄՆ փրայմերիզի նմանակումը (թեպետ միայն երկու թեկնածու է եղել. Հովհաննիսյանը հաղթել է), ընտրողների հետ «պայմանագրերի» կնքումը և 3 ժամանոց հարցազրույցը հեռուստադիտողների հետ:

Հովհաննիսյանի քարոզարշավի ժամանակ հայտարարվում է, որ մոտ 229,352 քաղաքացի արդեն անհատական պայմանագիր է ստորագրել խորհրդարանի փոխխոսնակի հետ, որտեղ նա պարտավորվում է Նախագահ դառնալու դեպքում կատարել անհատական խոստումներ, որոնք հիմնականում կապված են սոցիալական հավասարության, մատչելի բուժօգնության, արդար ընտրությունների և օրենքի գերակայության հետ: Կուսակցության որոշ անդամներ այնքան հեռու են գնացել, որ հայտարարում են, որ քաղաքացիները կարող են իրենց պայմանագրերով դատարան գնալ և գործ հարուցելու միջնորդություն ներկայացնել Հովհաննիսյանի դեմ, եթե նա ընտրվի և չիրականացնի իր պարտավորությունները: Սակայն պաշտոնապես կուսակցությունը ընդունում է, որ այդ այսպես կոչված պայմանագրերը իրավական ուժ չունեն:

Անկախ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկումների, որ այդ միջոցառումը ընտրողների շրջանում ամրապնդել է կուսակցության դիրքերը, 2007թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին «Սոցիոմետրի» (ընդհանուր առմամբ քննադատվում է որպես կառավարամետ հարցախույզ) կողմից իրականացված կարծիքների հետազոտությունը ցույց է տալիս, որ Հովհաննիսյանի վարկանիշն աճել է 2 կամ 3 տոկոսով: [Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Եվրասիայի կարծիքի արխիվը].

Հունվարի 21-ից 29-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության համար բրիտանական «Փոփյուլուս» հարցախույզի կողմից 1,500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման համաձայն Հովհաննիսյանը ձայների 7.6 տոկոսով գտնվում է չորրորդ տեղում:

Ինչպիսին էլ, որ լինի Հովհաննիսյանի իրական վարկանիշը, դաշնակ թեկնածուի հետ համաձայնագիր ստորագրած բազմաթիվ ընտրողների համար հարցման արդյունքները այնքան էլ չեն նվազեցնում մարդկանց հավատը, որ խորհրդարանի փոխխոսնակը կպահի իր խոսքը: «Երբ մարդ ստորագրում է իր տված խոստումների տակ», - ասում է 54-ամյա բժշկուհի Նարինե Սիմոնյանը, «հավատում եմ, որ նա անում է դրանք իրականացնելու նպատակով և չի մոռանա, որ մենք պահելու ենք այն և ընտրություններից հետո ցույց ենք տալու»:


Խմբագրի կողմից` Գայանե Աբրահամյանը Երևանի «ArmeniaNow.com» շաբաթաթերթի լրագրող է