Thursday, February 14, 2008
Հայաստան: Իշխող կուսակցության անդամները՝ դաշնակները պաշտպանում են Տեր-Պետրոսյանի թեկնածությունը
Գայանե Աբրահամյան: 02/14/08

Քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը երեք օր, իսկ Հայաստանի նախագահական պայքարում կրքերն ավելի են թեժանում, քանի որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության երկու անդամներ, կուսակցության խորհրդարանական խմբակցության մեկ անդամ և Հայ հեղափոխական դաշնակցության հինգ անդամներ հայտարարել են, որ աջակցում են նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ինը թեկնածուներից բաղկացած դաշտում Տեր-Պետրոսյանը դիտարկվում է որպես ընդդիմության առաջատար դեմք: Քվեարկության առաջին փուլը, որի արդյունքում պարզ կդառնա, թե ով է հաջորդելու նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կերևա փետրվարի 19-ին:

Հաշվի առնելով կուսակցության նախկին հարաբերությունները Տեր-Պետրոսյանի հետ՝ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամների որոշումը հատկապես զարմանքի տեղիք տվեց: 1991-1998թթ. նախկին նախագահի պաշտոնավարման ընթացքում կուսակցության անդամները, որոնք հայտնի են դաշնակ անվամբ, ենթարկվել են քաղաքական հետապնդման և ազատազրկման, իսկ 1994թ. կուսակցության գործունեությունը վերջնականապես արգելվել է (արգելքը հանվել է Քոչարյանի կողմից 1998թ.): Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ կուսակցության այսօրվա նախագահական թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեք տարի անցկացրել է ազատազրկման մեջ:

Տեր-Պետրոսյանին պաշտպանողները, որոնցից են Մանվել Ավետիսյանը, Գարուշ Արասխանյանը, Կորյուն Մալխասյանը և Եղիշե Նալբանդյանը հանդիսանում են ՀՅԴ շարքային անդամներ Արագածոտնի մարզից :

Փետրվարի 11-ին կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ առ այն, որ մյուս ճամբար անցնելու վերաբերյալ լուրերը կեղծ էին և, որ խումբի չի պաշտպանում Տեր-Պետրոսյանին: Սակայն հաջորդ օրը այդ հինգ հոգին այդ հայտարարությունը հերքեցին «Հայկական ժամանակ» օրաթերթում, որի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի խոշոր աջակիցներից է:

Խումբը թերթում նշում էր, որ իրենք հանգել են այդ որոշման՝ անսալով Արցախյան պատերազմի վետերանների շարժման երկու ձերբակաված ազատամարտիկների կոչին: Ժիրայր Սեֆիլյանը և Վարդան Մալխասյանը, որոնք կոչ էին անում դադարեցնել Արցախին հարող տարածքների հանձնումը Ադրբեջանի վերահսկողությանը՝ ձերբակալվել են 2005 վերջին՝ կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:

ՀՅԴ խոսնակ Սպարտակ Սեյրանյանը, մեկնաբանելով «EurasiaNet»-ի համար, ասել է, որ այդ հինգ հոգին, հավանաբար, կհեռացվեն կուսակցությունից: Սեյրանյանը ենթադրում է, որ նրանց որոշման համար խթան է հանդիսացել ՀՅԴ նախկին անդամ Վարդան Մալխասյանի կոչը: Կորյուն Մալխասյանը Մալխասյանի բարեկամն է, նշել է Սեյրանյանը:

ՀՅԴ հինգ անդամներից ոչ մեկից հնարավոր չի եղել մեկնաբանություններ ստանալ:

Արցախի հետ է կապված նաև Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներից մեկի միանալը Տեր-Պետրոսյանի թիմին:

«Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմի վետերանների միության անդամ և Հանրապետական կուսակցության խորհրդի նախկին անդամ Սասուն Միքայելյանը փետրվարի 11-ին հայտարարել է, որ ինքն ավելի շուտ կպաշտպանի Լևոն Տեր-Պետրոսյանին, քան կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանին: Զարմանալի է, որ 2007թ. դեկտեմբերին Միքայելյանը հակառակն էր հայտարարում: Ավելի վաղ Միքայելյանը նշել է, որ ինքը հիասթափվել է իր ասածից և դա կապված է Տեր-Պետրոսյանի աջակիցների հետ հունվարին Թալին քաղաքում տեղի ունեցած բախումից հետո երկու ազատամարտիկ ընկերների ձերբակալման հետ: Տեղական մամուլը նշել է, որ նա ասել է, «Մենք նրանց կողքին ենք»:

Պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը նույնպես անցել է Տեր-Պետրոսյանի կողմը՝ փետրվարի 11-ին դուրս գալով հանրապետական կուսակցությունից: Հաջորդ օրը նա գլխավոր դատախազության համար հետաքննության թիրախ է դարձել՝ կասկածվելով հարկերից խուսափելու մեջ: Փետրվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ նա չի վճարել իր կողմից պահվող մարմնավաճառության որջի հարկերը: Կոպիտ հաշվարկներով այդ բիզնեսից նա տարեկան 17,000 ԱՄՆ դոլարի շահույթ է ստանում, հայտնել է դատախազը: Որպես պատգամավոր՝ Հակոբյանը անձեռնմխելիություն ունի և չի կարող դատապարտվել:

Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը կուսակցությունը լքելու վերաբերյալ Հակոբյանի և Միքայելյանի որոշումները համարել ոչ էական: «Այդ երկուսը նշանակություն չունեն և արժանի չեն, որպեսզի նրանց ուշադրություն դարձվի», - ասել է նա:

Հանրապետական կուսակցության հետ կապված երրորդ անձնավորությունը՝ Մյասնիկ Մալխասյանը, որը հայտարարել է Տեր-Պետրոսյանին աջակցելու վերաբերյալ, միայն կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ է: Նա Արագածոտնի մարզի «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահն է, որը Արցախի ազատամարտիկների խումբ է և խիստ հակադրվում է Արցախի հարցում Ադրբեջանին տարածքային ցանկացած զիջում կատարելուն:

Ընդդիմադիր մոտ 20 կուսակցություն այժմ միացել է Տեր-Պետրոսյանի ճամբարին: Բացի «Ժառանգություն» կուսակցությունից, այդ կուսակցությունները աթոռ չունեն խորհրդարանում և գրեթե ֆինանսական լծակներ կամ հանրության վրա ազդեցություն չունեն: Փետրվարի 14-ին «Նոր ժամանակներ» կուսակցությունը նույնպես հայտնեց իր աջակցության մասին:

Սակայն Հայ հեղափոխական դաշնակցության ականավոր անդամներից մեկը, որը երբեք Տեր-Պետրոսյանի երկրպագուների շարքում չի եղել, նախկին նախագահի և հռչակ վայելող «Ժառանգություն» կուսակցության միջև վերջերս ձևավորված կոալիցիան համարում է «կեղծ» և «անընդունելի»: Արցախյան և 1915թ. Օսմանյան Թուրքիայում էթնիկ հայերի ջարդի հարցում «Ժառանգություն» կուսակցության և Տեր-Պետրոսյանի միջև եղած ենթադրայլ տարաձայնությունները այդ միությունը դարձնում են անկայուն, մեկնաբանել է Հայ հեղափոխական դաշնակցության կողմից վերահսկվող «Երկիր» հեռուստաընկերության նախագահ Գեղամ Մանուկյանը:

Դրան հակառակ՝ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նշում է, որ տարաձայնությունները զուտ «մարտավարական» բնույթի են: Արցախի կամ 1915թ. ցավալի իրադարձությունների խնդիրներին մոտենալու եղանակները կարող են պարզվել միայն հետագայում, ասել է նա: Այլ ենթադրություններ չեն կարող արվել, ասել է նա, որովհետև Տեր-Պետրոսյանը այդ հարցերի վերաբերյալ իր ապագա ծրագրերը դեռևս չի մշակել: «Իշխանությունները այնպիսի իրավիճակ են ստեղծել երկրում, որ լուրջ խնդիրները բարձրացնում են ընտրությունների միջոցով ռեժիմը փոխելու հարցը: Մենք այդ հնարավորությունը տեսնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության մեջ», - ասել է Սաֆարյանը:

Մինչդեռ, որոշ կոշտ անկյուններ են սկսել առաջանալ Տեր-Պետրոսյանի և նախագահական մեկ այլ թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մինջև:

Թեպետ վերջին շաբաթների ընթաղքում այս երկուսի հնարավոր միավորումը բավականին շատ էր քննարկվում, սակայն փետրվարի 14-ին «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի տեղակալ Հեղինե Բիշարյանն առաջարկեց, որ երկու կողմերը երբևէ այդքան մոտ չեն եղել համաձայնության գալու ուղղությամբ:

Բիշարյանը հայտարարել է, որ հայկական մամուլի հաղորդումներն առ այն, որ Բաղդասարյանը համաձայնություն ունի Սարգսյանի հետ «սուտ են» և տարածվել են այն լրատվամիջոցների կողմից, որոնք պաշտպանում են Տեր-Պետրոսյանին: «Այդ դեպքում մենք կարող ենք հակառակը ենթադրել, որ Լևոնը համաձայնության մեջ է Սարգսյանի հետ՝ ընդդիմության ողջ դաշտը բաժանելու նկատառումներով», - ասել է նա լրագրողներին:

Ինքը Բաղդասարյանը խուսափել է որևէ մեկնաբանություն անել որևէ ձևով Տեր-Պետրոսյանին պաշտպանելու վերաբերյալ: Փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տրված հարցազրույցում նա նշել է, որ ինքը «կբացառի ցանկացած համագործակցություն», եթե նման հայտարարություններին վերջ չտրվի: Փետրվարի 14-ին կուսակցությունը հայտարարել է, որ իրենք կորոշեն, թե որ թեկնածուին են պաշտպանելու միայն ընտրությունների առաջին փուլից հետո:


Խմբագրի կողմից` Գայանե Աբրահամյանը Երևանի «ArmeniaNow.com» շաբաթաթերթի լրագրող է