Friday, February 15, 2008
Հայաստանի քաղաքականության մեջ թեկնածուների կանայք թատերաբեմի ետևում են մնում
Մարիաննա Գրիգորյան, 02/15/08

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հավանաբար ներկայացրել է իր կնոջը և այսօրվա խոստումնալից նախագահական թեկնածու Հիլարի Քլինթոնին որպես «երկուսը մեկի համար» գործարք, սակայն Հայաստանում ընտրարշավները և թեկնածուների կանայք մինաշանակաբար իրար հետ կապ չունեն:

Սա հաստատվեց փետրվարի 13-ին, երբ նախագահական թեկնածու Սերժ Սարգսյանն այցելեց երևանյան մի եկեղեցի՝ նորապսկաներին նվիրված ավանդական տոնը նշելու համար: Հանրության հետաքրքրությունը ոչ այնքան շարժեց սպիտակ վարդը ձեռքին սովորաբար ֆլեգմատիկ վարչապետը, որը փորձում էր պարել հարսնացուների հետ: Հետաքրքրությունն ավելի մեծ էր հազվադեպ երևացող նրա կնոջ՝ Րիտայի նկատմամբ:

Հավանաբար դա առաջին անգամ էր, որ միջին տարիքում երաժշտության ուսուցչուհի աշխատած Րիտա Սարգսյանը ամուսնու հետ երևում էր քարոզարշավի ժամանակ:

Սակայն Սարգսյանի քարոզարշավը ցույց է տալիս, որ նրա բացակայությունը իրենց կողմից քաղաքական կորուստ չի համարվում:

«Ի՞նչ կարիք կա վարչապետի կնոջը ներքաշել ընտրարշավում», - զարմանում է Սարգսյանի կողմից ղեկավարվող «Հայաստանի հանրապետական» իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այն չի համապատասխանում մեր որդեգրած մարտավարությանը: Ինչպես պատգամավորական, այնպես էլ նախագահական ընտրարշավների ժամանակ նա միայնակ է հանդես եկել և մեր կարծիքով սա հաջողության հասնելու ճիշտ մոտեցում է»:

Ավանդաբար տղամարդկանց իշխանության տակ գտնվող հասարակարգում [ինչպիսին Հայաստանում է] թեկնածուի կնոջ մասնակցությունը քարոզարշավում շարունակում է մնալ ռիսկային առաջարկություն: «Հայաստանում քաղաքականությունը բացարձակապես դիտարկվում է որպես «տղամարդու աշխատանք» և ըստ մեր հայկական դատողության՝ կինը չպետք է խառնվի դրան», - մեկնաբանել է հասարակական կարծիքի ուսումնասիրման «Սոցիոմետր» կազմակերպության տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

«Ընտրարշավում [իրենց կանանց] մասնակցությամբ ... թեկնածուները ռիսկի են դիմում, որ ավելի շուտ դա բացասական ազդեցություն կունենա իրենց առաջընթացի վրա, այլ ոչ թե ձայներ ձեռք կբերեն»:

Թեկնածուի ընտանիքի ներգրավումը Հայաստանի ընտրություններում կպահանջի մասնագետների և խորհրդատուների աշխատանք, ավելացնում է Ադիբեկյանը: «Սակայն դրա համար հարկավոր է նախ և առաջ քաղաքապես հասուն լինել», - շարունակում է նա: «Կինը նույնպես պետք է քաղաքապես պատրաստ լինի, որպեսզի իմանա սահմանները և իրեն պահել կարողանա»:

Թեկնածուներն ու իրենց կանայք հիմնականում համաձայն են:

Նախագահական թեկնածու, «Ազգային ժողովրդավարական միության» նախագահ Վազգեն Մանուկյանն իր կնոջը՝ Վարդուհուն, որը մաթեմատիկոս և ծրագրավորող է, նկարագրում է որպես «քաղապես լիակատար հասուն» անձնավորություն, որը ունակ է «լուրջ օգնություն» ցուցաբերել իր քարոզարշավի ժամանակ, սակայն զգուշանում է, հասարակությունը դեռևս պատրաստ չէ նման սատարման:

«Ի տարբերություն Արևելքի՝ կանանց ընդգրկումը Հայաստանի հասարակական կյանքում դեռևս ընդունելի չէ և երբեմն դա կարող է սխալ ընկալվել», - ասել է նա EurasiaNet-ին: Վարդուհի Մանուկյանը ենթադրաբար աշխատում է իր ամուսնու քարոզարշավի վրա, սակայն հասարակության մեջ նրա հետ չի երևում:

Նախագահական մրցակից թեկնածու Արթուր Բաղդասարյանը, որը համարվում է ընդդիմության առաջատարներից մեկը, հավանաբար, միակ թեկնածուն է, որ ընտրողների հետ հանրահավաքների ժամանակ խոսում է իր ընտանիքի մասին: Սակայն Բաղդասարյանի կինը՝ Աննան, լեզվի ուսուցման կենտրոնի երեսունն անց տնօրենը, նույնպես ոչ մի տեղ չի երևում իր ամուսնու քարոզարշավների ժամանակ:

Ըստ Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցության խոսնակ Սուսաննա Աբրահամյանի՝ պատճառը հղիությունն է, այլ ոչ թե մշակութային նախապաշարմունքը: «Վստահաբար, չի խրախուսվում այդ վիճակում գնալ մարզեր և հուզվել: Այլապես, հավատացնում եմ, նա նույնպես կներգրավվեր»:

Սակայն այլ կանայք ուղղակիորեն հրաժարվում են այդ մտքից: «Որպես հայ կին, ես գտնում եմ, որ ավելի լավ կլինի, եթե ես սուս ու փուս օգնեմ իմ ամուսնուն, այլ ոչ թե քաղաքական ակտիվություն ցուցաբերեմ», - մեկնաբանել է Երևանի նախկին քաղաքապետ և «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահական թեկնածու Արտաշես Գեղամյանի կինը՝ Անուշ Փլուզյանը:

Հայ կնոջ դերը, շարունակել է ՀՀ ճարտարագիտական համալսարանի դասախոս Փլուզյանը, իր ամուսնուն հասկանալն է, այլ ոչ թե «նրան խոչընդոտելը»:

«Չեմ կարծում, որ ամուսնուս հետ ընտրողների հետ հանդիպումների գնալը մեծ փոփոխության հանգեցներ կամ խոշոր օգնություն հանդիսանար», - ասել է նա: «Ավելի լավ է ես տանը մնամ»:

Այս կարծիքը արտացոլվում է երկրի քաղաքական կյանքի այլ հիմնախնդիրներում: Ըստ պետական վիճակագրության 3.22 մլն. կազմող Հայաստանի բնակչության ավելի քան 52 տոկոսը կանայք են, սակայն քաղաքականությանը կանանց մասնակցության առումով Հայաստանը Հարավային Կովկասում վերջին տեղում է գտնվում: Կանայք կազմում են հանրապետության 131 տեղ ունեցող խորհրդարանի 9.2 տոկոսը, Ադրբեջանում այդ ցուցանիշը 11.3 տոկոս է, իսկ Վրաստանում՝ 9.4 տոկոս: Հայստանում նախագահի պաշտոնի համար ընդհանրապես աառաջադրվել է միայն մեկ կին √ «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը, 1998թ. √, սակայն նա մրցարշավից դուրս է եկել, ընրության օրվանից շատ առաջ:

Նույնիսկ ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ, նախկին առաջին տիկնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի կողմից հանրության աչքին երևալը այնքան էլ հեշտ չէ: Տիկին Տեր-Պետրոսյանը, որը մանսագիտությամբ գերմաներեն լեզվի ուսուցչուհի է և աշխատել է որպես ռադիոլրագրող, իսկ հիմա ղեկավարում է բարեգործական հասարակական կազմակերպություն՝ իր ամուսնու հանրահավաքների ժամանակ երբեմն գտնվում է ժողովրդի մեջ՝ ետին շարքերում:

Այս, և հավանաբար միակ, հարցի շուրջ Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի կարծիքները համընկնում են:

«Այս պահին, երբ ընտրարշավը ընթացքի մեջ է, հավանաբար, կան ավելի կարևոր բաներ, քան [հանրահավաքի ժամանակ] առաջին տիկնոջ հայտնվելը առաջին շարքերում», - հաստատել է Տեր-Պետրոսյանի ընտրարշավի խոսնակ Արման Մուսինյանը: «Դրա կարիքը չկա»:

Սակայն տարածաշրջանում իրավիճակն այլ է: Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի ծնունդով դանիացի կինը՝ Սանդրա Ռյոլոֆսը, մեծապես ընդգրկված է եղել նրա վերջին վերաառաջադրման արշավում, ընտրարշավների ժամանակ երգել է ազգային երգեր և հավաքել ընտրողների գրավոր խնդրանքները: Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրբան Ալիևան պատգամավոր է, թեպետ հաճախ արժանանում է լրատվամիջոցների քննադատությանը՝ իր չերևալու պատճառով:

Հայաստանում հոգեբան Էլինա Ասրյանն ասում է, որը ընտրողները, հավանաբար ավելի պատրաստակամորեն կընդունեն տեսարաններ թեկնածուի ընտանեկան կյանքից, քան անկախ քաղաքական ուժ կամ թեկնածուի անմիջական խորհրդատու հանդիսացող կանանց:

«Հայաստանում քաղաքական գովազդները և ընտրարշավները կառուցված են հերոս և հակահերոս սկզբունքների շուրջ և, իհարկե, այստեղ ճիշտ չի լինի ներգրավել կանանց», - մեկնաբանում է Ասրյանը: «Հայերի համար ընտանիքը ինչ-որ սուրբ բան է և այդ մակարդակից բարձր հազիվ թե այլ բան գտնվի»:

Պահպանելով այս միտումը՝ Տեր-Պետրոսյանի թիմը հայտնել է, որ DVD է թողարկել նախկին նախագահի ընտանեկան կյանքի վերաբերյալ, իսկ մրցակից Բաղդասարյանի ճամբարն ասել է, որ խորհրդարանի 39-ամյա նախկին խոսնակի վերաբերյալ ֆիլմը շուտով պատրաստ կլինի:

Սակայն դրանք ձայներ կշահե՞ն: Ամեն ինչ կախված կլինի «ճիշտ» ներկայացնելուց, շեշտում է ընտրական ստրատեգ Արմեն Բադալյանը: «Որովհետև անկախ այն հանգամանքից, թե որքան են նրանք խոսում եվրաինտեգրման մասին», - եզրակացնում է նա, «միևնույնն է մենք դեռևս ասիական պետություն ենք»:


Խմբագրի կողմից` Մարիաննա Գրիգորյանը Երևանի «ArmeniaNow.com» շաբաթաթերթի լրագրող է