Sunday, February 17, 2008
Քարոզարշավի ավարտին Տեր-Պետրոսյանը հայտարարում է իր հաղթանակի մասին
Գայանե Աբրահամյան, 02/17/08

Մինչ հազարավոր կողմնակիցներ «Հաղթանա՛կ» էին ձայնարկում՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ամփոփում էր իր ընտրարշավը փետրվարի 16-ին Երևանի կենտրոնում խոշոր հանրահավաքով, որը լի էր գործող կառավարության հասցեին հնչող վիրավորանքներով և խոսում էր նաև հենց ընդդիմության ներսում տեղի ունեցող մասնատումների մասին:

Ոստիկանության գնահատմամբ՝ ՀՀ մայրաքաղաքի օպերայի բակում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցում էր մոտ 30,000 մարդ, թեպետ կազմակերպիչները պնդում են, որ մասնակիցների թիվը գերազանցել է 250,000-ը: Ոստիկանության ներկայությունը նվազագույն էր, իսկ ավագ սպաները և քաղաքացիական հագուստով խուզարկուները ուսումնասիրում էին իրավիճակը կամ հետևում էին քաղաքի կենտրոնով ընթացող երթին:

Երևանցի ականատեսները արձագանքում էին ի սատարումն բարձրացված բռունցքներով (այս նույն պատկերը կարելի է տեսնել նաև Տեր-Պետրոսյանի գովազդային նյութերում), զարմացած ժպիտներով կամ անտարբերությամբ լի դատարկ հայացքներով, կարգախոսները երգելով: Հետո նրանք երթով անցան մայրաքաղաքով՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Թեպետ քարոզարշավում դեռևս կենտրոնական տեղ էր զբաղեցնում բարկությունը վարչապետի վրա (Տեր-Պետրոսյանին սատարողները վարչապետի գովազդային խոշոր վահանակների տակով անցնելիս խմբով բղավում և սուլում էին), սակայն միջոցառման ժամանակ ամենից շատ զարմանք պատճառեց թշնամությունը բուն ընդդիմադիր ճամբարի նկատմամաբ:

Ամբոխի հետ խոսելիս՝ մի անձնավորություն, որն իրեն ներկայացրեց որպես ընդդիմության մրցակից Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, հայտարարեց, որ Բաղդասարյանին սատարողներից 1,000 հոգի անցել է Տեր-Պետրոսյանի ճամբարը։ :

«Բաղդասարյանը սա դավաճանություն կհամարի, սակայն իսկական դավաճանությունը կլիներ այն, որ որոշեինք չմիանալ հզոր համազգային շարժմանը», - հայտարարել է այդ անձնավորությունը, որն իրեն կոչել է Արմեն Ղազարյան։ :

Տեր-Պետրոսյանը մեղադրել է խորհրդարանի նախկին նախագահ Բաղդասարյանին, որի հետ քարոզարշավում չի կարողացել միավորվել, «դավաճանության» և քարոզարշավի ընթացքում վարչապետի հետ գաղտնի համագործակցության մեջ։ Բաղդասարյանի ճամբարը հերքել է մեղադրանքները՝ դրանք համարելով անհեթեթ։ :

EurasiaNet-ին տրված հարցազրույցում Բաղդասարյանը հանրահավաքի մասնակիցների հայտարարությունները անվանել է ստախոսություն և վստահեցրել, որ ինքը Արմեն Ղազարյան չի ճանաչում։ Նա պնդել է, որ «Օրինաց երկրի» անդամներից ոչ մեկը չի անցել Տեր-Պետրոսյանի ճամբար։ :

«Մենք հայտարարություն ենք պատրաստել, դիմել ենք գլխավոր դատախազությանը, որպեսզի այդ Արմեն Ղազարյանին պատասխանատվության կանչեն՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար», - ասել է Բաղդասարյանը։ :

Քանի որ Տեր-Պետրոսյանի և Բաղդասարյանի թշնամությունը հանդարտվելու նշաններ ցույց չի տալիս, բողոքողները նաև պնդում են, որ կառավարությունը խոչընդոտում է հանրահավաքների իրականացմանը։ :

Մարզերից եկած ցուցարարները EurasiaNet-ին տրված հարցազրույցի ժամանակ բողոքել են, որ երթուղային ավտոբուսների և մեքենաների մուտքը Երևան արգելվել է։ Արդյունքում, ասել են նրանք, ստիպված են եղել նախկին նախագահի հանրահավաքին գալ մասնավոր մեքենաներով կամ տաքսիներով։ :

Երևանից ոչ հեռու գտնվող մի ցուցարար Աբովյան քաղաքից, որտեղ նախատեսված էր, որ փետրվարի 16-ին Սարգսյանը պետք է հանրահավաք ունենար, վիճել է, որ հանրային տրանսպորտի ենթադրյալ բացակայությունը պատահականություն չէր։ «Սա արվել է այն նպատակով, որպեսզի ոչ միայն նվազեցվի մարդկանց հոսքը դեպի այս հանրահավաք, այլ նաև ավելացվի Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցների թիվը», - մեկնաբանել է Արթուր Ավթանդիլյանը։:

Երևանից 137 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իջեվանի մի բնակիչ բղավելով կրկնեց այս միտքը՝ ավելացնելով որ ճանապարհային ոստիկանները գրում էին քաղաք մտնող բոլոր մեքենաների պետհամարանիշներն ու վարորդների անունները։ «Նրանք անընդհատ կանգնեցնում էին մեզ, սպառնում էին մեզ», - ասում է մի անձնավորություն։ :

Երևանի ավտոկայանի աշխատողներից մեկն ասաց, որ որոշ երթուղիներից ավտոբուսների հանելը կապված է եղել ձյան հետ, սակայն նշեց, որ երթուղային մասնավոր մեքենաները իրենք են որոշում իրենց անելիքը։ Ընդդիմությանը սատարողների կողմից նմանատիպ հայտարարություններ էին արվում 2007 պատգամավորական ընտրությունների ժամանակ։ :

Սակայն երթևեկության ենթադրյալ խոչընդոտները այնքան էլ չեն վհատեցրել Տեր-Պետրոսյանի փետրվարի 19-ի քվեարկությունից հետո հաղթանակ տանելու ակնհայտ վստահությունը։ Նա սկսել իր խոսքը՝ Երևանի օպերայի առջև հավաքված բազմությանը շնորհավորելով ընտրություններում արդեն տարած հաղթանակի առիթով։ :

«Սա ընկերական զրույց է հաղթանակից առաջ», - ասել է նա։ «Թալանին [նկատի ունենալով վարչապետ Սարգսյանին և հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին] արդեն վերջ է տրված և ժողովուրդը հաղթել է»։:

Երկժամանոց հանրահավաքի ժամանակ խոսեցին նաև մի շարք ընդդիմադիր գործիչներ՝ 2003թ. նախագահական թեկնածու Ստեփան Դեմիրճյանը Հայաստանի ժողովրդական կուսակցությունից, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցությունից, «Ժառանգություն» կուսակցության նախագահի տեղակալ Վարդան Խաչատրյանը և պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը վերջերս դուրս է եկել իշխող «Հանրապետական» կուսակցությունից և միացել Տեր-Պետրոսյանին։ :

Հայտնի դերասան Երվանդ Մանարյանի, օպերայի երգիչների և կոնսերվատորիայի պրոֆեսորների ներկայությունն ընդգծեց Հայաստանի և Միջին Արևելքի պատմության ոլորտի գիտաշխատող նախկին նախագահի կապը Հայաստանի ինտելեկտուալ հանրության հետ։ :

Խոսելով համապատասխան տոնայնությամբ, որի շնորհիվ հանրության շրջանում հմուտ հռետորի հռչակ է վայելում, նախկին նախագահը ընդհանուր ընտրարշավն համարեց արդյունավետ ավարտված, «թեպետ այն այնպես չընթացավ, ինչպես ես կուզեի»։ :

«Ես կուզենայի, որպեսզի արշավն ավելի ցիվիլ լիներ։ Սակայն մենք հարկադրված էինք կոպիտ գնահատականներ տալ այս իշխանություններին», - ասել է նա վարչապետ Սարգսյանի և նախագահ Քոչարյանի հասցեին, որոնք Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ՝ 1991-1998թթ. եղել են համապատասխանաբար պաշտպանության/ներքին գործերի նախարար և վարչապետ։ :

«Իշխանությունների խոճապն այնքան է մեծացել, որ նրանք ծայրահեղությունների են դիմում», - հայտարարել է նա։ :

Ակնարկն ընկալվել է որպես պատասխան վերջին շաբաթվա ընթացքում Երևանում տարածված չորս DVD-ներին, որոնք ի թիվ այլ բաների հայտարարում են, որ Տեր-Պետրոսյանը թուրքական ծագում ունի և, որ նա մասոնական շարժման անդամ է։ :

Տեսաֆիլմերից մեկը ցուցադրում է Տեր-Պետրոսյանի վարչարարության ժամանակ տեղի ունեցած վիճահարույց սպանությունները և կապ է հաստատում նախկին նախագահի և 1999թ. պատգամավորների սպանությունների միջև։ Ֆիլմը նաև ներկայացնում է Տեր-Պետրոսյանի կաբինետի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի պատմությունը, որը Հայաստանից փախավ 2000թ.՝ սպանության մեջ մեղադրվելուց հետո։ :

Ֆիլմը ներկայացնում է 1999թ. կրակոցները, որոնք ցուցադրվել էին «Հ2» հեռուստաընկերությամբ և հարցնում, թե ինչպիսի՞ բարոյական անձնավորություն է առաջին նախագահը և ինչպիսի՞ն են նրա նպատակները Հայաստանի համար։ :

Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն ասում է, որ իրենք չեն պատրաստվում արձագանքել DVD-ներին։ «Բովանդակությունը այնքան անհիմն է և տարօրինակ, որ մենք նույնիսկ չենք պատրաստվում մեկնաբանել այդ աղբը», - ասել է Մուսինյանը։ :

Ֆիլմի հեղինակները հայտնի չեն։ Վարչապետ Սարգսյանի «Հայաստանի հանրապետական կուսակցության» խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ կուսակցությունը տեղյակ չէ DVD-ներից։ :

«Մեզ պետք չէ այդ կարգի ֆիլմ նկարահանել, քանի որ մարդիկ շատ բան գիտեն նախկին նախագահի մասին և հիշում են նրա պաշտոնավարման ժամանակը», - ասել է Շարմազանովը։ :

Երևանում շրջանառվող մի անեկդոտ հորդորում է ընտրողներին գնել էլեկտրաէներգիայի գեներատորներ՝ նախքան Տեր-Պետրոսյանի ընտրվելը, քանի որ դրանից հետո գեներատորները կթանկանան. ակնարկ է կատարվում նրա պաշտոնավարման ժամանակ 1990-ականներին Հայաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային պակասը։ Թեկնածուն խնդիրը վերագրում է Խորհրդային Միության անկումից հետո ենթակառուցվածքների ընդհանուր խարխլմանը։ :

«Նրանք մոռացել են անցյալը, նրանք մոռացել են, թե ինչպես էին ապրում առանց էլեկտրաէներգիայի», - ասում է հայկական առաքելական եկեղեցու աթոռանիստ քաղաքի՝ Էջմիածնի մի բնակիչ՝ խոսելով հանրահավաքի մասնակիցների մասին։ Հայտարարելով, որ նա «վտանգավոր է քաղաքակրթության համար»՝ 30 հոգի բողոքի ակցիա են կազմակերպել և վերջին չորս օրը գիշերում են Տեր-Պետրոսյանի շտաբի առջև տեղադրված վրաններում։ :

Թեպետ կարծիքի ուսումնասիրման վերջին տվյալները ցույց են տալիս, որ Տեր-Պետրոսյանի ձայներն աննշան են (նրա կողմնակիցները հակառակվում են, որ հետազոտությունները կողմնակալ են՝ ի նպաստ կառավարության), քաղաքական վերլուծաբաններն ասում են, որ իրենք դժվարանում են կանխատեսել քվեարկության արդյունքները և արդյունքների հետևանքները։ :

«Առաջին նախագահի մուտքը [նախագահական մրցապայքար] փոխել է խաղի կանոնները՝ իրավիճակը դարձնելով հետաքրքիր և դինամիկ և միևնույն ժամանակ՝ անկանխատեսելի», - մեկնաբանել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ :

Մի շարք դիտորդներ կասկածում են, որ նախապատրաստվում է ինչ-որ պայքար։ «Նա մինչև վերջ կպայքարի», - նկատել է Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը։ «Իշխանությունները նույնպես մինչև վերջ կգնան և ժողովուրդը ստիպված կլինի ընտրել ում պահել»։ :


Խմբագրի կողմից` Գայանե Աբրահամյանը Երևանի «ArmeniaNow.com» շաբաթաթերթի լրագրող է: