Monday, February 18, 2008
Քարոզարշավի ավարտին Տեր-Պետրոսյանը հայտարարում է իր հաղթանակի մասին
Գայանե Աբրահամյան, 02/18/08

Վարչապետ Սարգսյանն իր արշավն ավարտեց փետրվարի 17-ին Երևանի կենտրոնում անցկացված խոշոր հանրահավաքով, որտեղ հաստատվեցին առկա իրավիճակի առավելությունները և մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացվեց որպես ապակայունացման ռիսկային գործոն:

«Դուք մեծամասնության ներկայացուցիչներն եք», - ասում էր նա Երևանում օպերայի առաջ հավաքված մի քանի տասնյակ հազարանոց բազմությանը: «Մենք Ձեզ հրավիրել ենք, որպեսզի նրանք կրկին հասկանան, որ իրենք փոքրամասնություն են, որ իրենք կառավարությունում անելիք չունեն, որ իրենք չեն կարող սասանել այս երկիրը», - ասում էր Սարգսյանը նկատի ունենալով մրցապայքարի արդյունքում առաջատար դիրքեր գրաված ընդդիմության թեկնածու, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին սատարողներին:

Ակնհայտորեն ցանկանալով մրցել Տեր-Պետրոսյանի հավաքած բազմության հետ` Սարգսյանի հանրահավաքի (որտեղ նա կատակելով ասեց, որ մասնակցում է մոտ 1-2 մլն. մարդ) մասնակիցները եկել էին ողջ Հայաստանից և նույնիսկ Սամցխե-Ջավախքից, որը հարևան Վրաստանում գտնվող հիմնականում հայաբնակ տարածք է:

«Վերջին ամսվա ընթացքում մենք անցել ենք Հայաստանի բոլոր մարզերով, այցելել ենք հարյուրավոր տարածքներ», - հայտարարում էր Սարգսյանը, մինչ կոնֆետի էր թափվում բացականչող բազմության վրա: «Մենք լսել ենք յուրաքանչյուրին, ով ուզել է խոսել: Մենք լավատեսություն և բարօրություն ենք սերմանել: Մենք ակնկալում ենք լավ և առողջ բերք»:

Անդրադառնալով աստվածաշնչյան թեմատիկային` վարչապետը հորդորեց իրեն սատարողներին զգուշանալ կեղծ մարգարեներից` պարզ ակնարկ կատարելով Տեր-Պետրոսյանին: Ինչպես նախկին նախագահի աջակիցներն էին փետրվարի 16-ին արել, Սարգսյանի աջակիցները կարճ երթ կատարեցին Երևանի կենտրոնով` այն ավարտելով քիչ հեռու գտնվող եկեղեցում` թեկնածուին հաջողություն մաղթելու համար:

Թեպետ մի քանի մասնակիցներ ընդգծում էին, որ իրենք ամփոփիչ հանրահավաքին ներկայացել են այն պատճառով, որովհետև հավատում են Սարգսյանի «հզորությանը», սակայն մյուս մասնակիցները, խնդրելով չհրապարակել իրենց անունները, EurasiaNet-ին հայտնեցին, որ իրենց գործատուներն են իրենց ավտոբուսով բերել:

Ի լրումն ամբոխի բացականչությունների` բարձրախոսներից ևս բացականչություններ էին հնչում, իսկ ամբիոնի ետևում «Առաջ Հայաստան» շարֆերով կանգնած էին նախարարներն ու օրենսդիր համակարգի ղեկավարնեը: Մինչ նա խոսում էր, Սարգսյանի իշխող «Հանրապետական» կուսակցության երիտասարդ ակտիվիստները վարչապետի գլխավերևում թափահարում էին կուսակցության ցուցապաստառները:

«Ես բարօրության ձայն եմ խնդրում: Ես լավատեսության ձայն եմ խնդրում: Ես խնդրում եմ քվեարկել ավելի լավ Հայաստանի, ավելի առաջադեմ Հայաստանի, ավելի զարգացած Հայաստանի համար», - ասում է Սարգսյանը իր 30 րոպեանոց խոսքում, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր բացականչություններով: «Ես վստահություն եմ խնդրում և խնդրում եմ քվեարկել մեր երկրի ու հայրենիքի, Հայաստանի համար, որպեսզի այն մեզ համար նաև ամրոց դառնա, որպեսզի մեր քաղաքացիները իրենց ապահով և պաշտպանված զգան մեր երկրում»:

«Հանրապետական» կուսակցության հայտնի պատգամավորներից մեկը սատարման աշխույժ շոուն վերագրել է արշավի կազմակերպման հմտություններին:

«Ի տարբերություն սուտ գիտնականների` մենք գիտենք, թե ինչ է պետք անել», - ասել է Արմեն Աշոտյանը` ակնարկելով գիտաշխատողի կոչում ունեցող Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին: «Մենք ամեն ինչ նախապես հաշվարկում ենք և նման արդյունքի ենք հասնում դրա հաշվին, ամեն ինչին պրոֆեսիոնալ կերպով նայելու միջոցով»:

Վարչապետի արշավում հայկական զվարճացուցիչ տոնակատարությունները նույնպես համարվում են նրա քարոզարշավի «պրոֆեսիոնալ մոտեցման» ևս մեկ նշան: Փոփ աստղերը, որը հատուկ էր նաև 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված արշավին, խթան հանդիսացան հանրահավաքին դպրոցահասակ երեխաների մասնակցության համար: Ինչպես աստղերը, այնպես էլ «Հանրապետական» կուսակցությունը ժխտում են, որ իրենց վճարել են մասնակցության համար:

Սարգսյանի արշավի քննադատները արագորեն ուռճացրել են ողջ հանրապետությունում վարչապետի դեմքը պատկերող ցուցապաստառների և ցուցավահանակների, ինչպես նաև հարյուրավոր տաքսիների, երթուղային մեքենաների և մասնավոր մեքենաների վրա փողփողացող քարոզչական դրոշակների հավանական արժեքը: Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի թեկնածուները ընտրարշավի վրա 70 մլն. դրամից (մոտ 225,000 ԱՄՆ դոլար) ավելի ծախսելու իրավունք չունեն: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված վերջին ծախսերը անմիջապես չեն հրապարակվել:

Սակայն ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ թվերը կեղծված են: Թեկնածու Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի տեղակալ Հեղինե Բիշարյանը փաստում է, որ 70 մլն. դրամով հնարավոր չէ անել այն ամենը, ինչ մինչև օրս արվել է Սարգսյանի քարոզարշավի համար:

«Այդ գումարները կբավականացնեին միայն քարոզչության նյութերի տպագրության և եթերաժամանակի ծախսերը հոգալու համար», - ասում է Բիշարյանը: Մեկ րոպե հեռուստագովազդի գները տատանվում են 70,000-130,000 դրամի միջև [մոտ 226-420 ԱՄՆ դոլար], իսկ գովազդներում, ըստ միջազգային և տեղական դիտորդների զեկույցների, կարծես թե առաջատար դիրքում է եղել Սարգսյանը:

Բիշարյանը նաև անդրադառնում է Երևանում ամեն տեղ փակցված Սարգսյանի ցուցավահանակներին. Բաղդասարյանին հատկացվել է միայն 12 նման տեղ, հայտարարում է նա: «Սարգսյանի դեպքում ծախսվել է մի քանի «70 մլն.» դրամ: Օգտագործվել են վարչական լծակները»:

Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը կրկնել է քննադատությունը` EurasiaNet-ին ասելով, որ նախկին նախագահը պաստառների տեղադրման հարցում նույնպես հանդիպել է նմանատիպ խնդիրների: Դիմել է Երևանի մի քանի բնակելի շենքերի վրա պաստառներ կախելու համար, սակայն հետագայում նրան ասվել է, որ այդ շենքերը վերածվել են Սարգսյանի շտաբի:

«Ի՞նչ եք կարծում, նման դեպքում հնարավոր է խնդիրը լուծել», - հարցնում է Մուսինյանը:

Վերջերս Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ»ԺՀՄԻԳ) կողմից հրապարակված երկրորդ միջանկյալ զեկույցում ընդգծվում էր «վարչական միջոցների» օգտագործումը, թեպետ Ընտրական օրենսգրքով դա արգելվում է: Դրանց օգտագործումը զեկույցում, հատկապես, վերագրվում էր Սարգսյանին:

«Մարզերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները զեկուցել են, որ դժվարացել են ճշգրիտ տարբերակում անել Սերժ Սարգսյանի քարոզարշավի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի միջև, մասամբ այն պատճառով, որ որոշ քաղաքապետեր ակտիվ քարոզում են պարոն Սարգսյանի օգտին», - ասվում է զեկույցում:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական մի խումբ` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, հետևել է 10 քաղաքներում տարվող քարոզչությանը և համաձայնելով գնահատման հետ ավելացրել:

«Մարզպետները, իշխանությունների ղեկավար մարմինները, աշխատողները բոլորն էլ ՀՀԿ անդամ են և օգտվում են կառավարական ու վարչական լծակներից` վախի մթնոլորտ ստեղծելու համար», - ենթադրել է Վանաձորի գրասենյակի խմբի տնօրեն Արթուր Սաքունցը:

«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Աշոտյանը հերքել է այս քննադատությունը:

«Մենք ինքներս ենք բազմաթիվ խոչընդոտների հանդիպել», - ասել է նա: «Ընդդիմադիր որոշ թերթեր հրաժարվել են տպագրել մեր թեկնածուի գովազդը: Դա խոչընդոտ չէ՞: Եվ սա այն դեպքում, երբ նրանք անվճար տպագրում են Լևոն Տեր-Պետրոսյանի գովազդները: Սա նույնպես լծակների օգտագործում է», - ասել է նա:

Մինչդեռ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը անտեսում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի մեղադրանքները` համարելով դրանք անհեթեթ:

«Մեր կուսակցությունը միշտ եղել է և կմնա որպես իրավունքի և արդարադատության պաշտպան», - ասում է Շարմազանովը: «Ընտրարշավի ժամանակ ստեղծվել են բոլոր պայմանները հավասար պայքարի համար: Հարցն այն է, թե թեկնածուները կարողացել են օգտվել իրենց իրավունքից թե ոչ: Եթե փաստեր կան, որ մենք խախտել ենք օրենքը, որը, որ այդպես չէ, նրանք [քննադատողները] կարող են դիմել դատարան: Սա ոչ հորինովի պատմություն է, ոչ էլ խաղ»:

Փետրվարի 14-ին մամլո ասուլիսի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնեց, որ ստացել է երկու բողոք` կապված նախատեսված սահմաններից դուրս քարոզարշավի վրա կատարված ծախսերի հետ, սակայն «[i]հարցումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները ճիշտ չեն»:

Կիրակի օրը, խոսելով ամբոխի հետ, Սերժ Սարգսյանը չի անդրադարձել անմիջականորեն քարոզչության ծախսերի հարցին, սակայն վստահեցրել է իր համախոհներին, որ փետրվարի 19-ի քվեարկությունը համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Փետրվարի 18-ին քարոզչություն չի թույլատրվել:

«Մենք թույլ չենք տա, որպեսզի որոշակի մարդիկ վարկազրկեն ընտրությունները», - ասել է նա: «Մենք թույլ չենք տա, որպեսզի որոշակի մարդկանց ցանկություններն ու չարամտությունը որոշիչ դառնան»:


Խմբագրի կողմից` Մարիաննա Գրիգորյանը Երևանի «ArmeniaNow.com» շաբաթաթերթի լրագրող է: