Tuesday, February 19, 2008
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներին սպասելիս
Մարիաննա Գրիգորյան, 02/19/08

Վարչապետ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավների ժամանակ մեկ ամիս հնչած մեղադրանքներից և հակընդդեմ մեղադրանքներից հետո, ընտրողները փետրվարի 19-ին գնացին քվեարկելու, որպեսզի որոշեն, թե ով է դառնալու Հայաստանի հաջորդ նախագահը: Տարածաշրջանում, որտեղ ընտրության արդյունքները հաճախ պարզ են լինում ընտրությունների անցկացումից շատ ավելի շուտ, Հայաստանում նախագահական ընտրության արդյունքներին հուզմունքով են սպասում: Իսկ նախնական պաշտոնական արդյունքները փետրվարի 20-ից շուտ չեն հրապարակվի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ փետրվարի 19-ին ընտրություններին մասնակցել է Հայաստանում գրանցված մոտ 2.3 մլն. բնակչության 69.25 տոկոսը` քվեարկելով առաջադրված ինը թեկնածուներից մեկի օգտին: Մասնակցության ցուցանիշները համապատասխանում է 1991թ. ցուցանիշներին, երբ ըստ Հանձնաժողովի` նախագահական ընտրությանը մասնակցել է քվեարկողների ավելի քան 70 տոկոսը:

Քվեների հաշվարկը նախատեսված է եղել սկսել ժամը 9-ին: Նախնական պաշտոնական արդյունքները պետք է հայտարարվեն փետրվարի 19-ին քվեարկության ավարտից` 20:00-ից հետո 24 ժամվա ընթացքում:

Փետրվարի 19-ի գիշերը Երևանը խիստ հանգիստ էր և ցեխոտ փողոցներում կարելի էր տեսնել մի քանի բնակիչ, իսկ շատ խանութներ փակ էին: Օրը հայտարավել էր որպես ոչ աշխատանքային:

Ճակատագրի հեգնանքով, ընտրություններում երեք առաջատար դերակատարություն ունեցողները՝ պաշտոնավարումն ավարտող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, քվեարկել են Երևանի միևնույն ընտրատարածքում: Դրա թիվը` 9/11, անվերջ կատակների տեղիք է տվել լրագրողների համար:

Քոչարյանը ներկայացավ ժամը 10:00-ին և լրագրողներին հայտնեց, որ իր ապագա ծրագրերի մասին կհայտնի «ապրիլի 9-ին», հայտնել է «Ա1+» կայքը:

«Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, թե ում կողմ եմ քվեարկել: Ես քվեարկել եմ Հայաստանի կայունության և բարօրության համար», - ըստ Հայաստանի հանրային ռադիոյի ասել է Քոչարյանը:

Երկու ժամ հետո վարչապետ Սարգսյանը՝ Քոչարյանի ընտրած նախագահը, եկավ ընտրատարածք սև «Land Rover» մեքենայով, որի վրա ամրացված էր քարոզչական դրոշակը: Մինչ նրա կին՝ Րիտան վարդերի փունջը ձեռքին կողքի էր կանգնել, Սարգսյանը լրագրողներին ասաց, որ ընտրություններից հետո կառավարության կազմում «վճռական» փոփոխություն չի ակնկալում: Այս հայտարարությամբ նա փաստացի ենթադրում էր, որ ընտրություններում ինքն է հաղթելու:

Ավելի քան մեկ ժամ հետո ընտրատարածք ժամանած ընդդիմության առաջատար թեկնածու Տեր-Պետրոսյանը եկավ կրկնակի պաշտպանված (նրա թիկնապահները ականջակալներ էին կրում) և գրավեց կրկնակի անգամ շատ իրար հրմշտող լրագրողների ուշադրությունը: Նախկին նախագահը, որի կողքին կանգնած էին թոռնիկները, ասաց լրագրողներին, որ ինքը «քվեարկել է խաղաղության համար» և քվեարկել է իր համար:

Ինչպես ողջ ընտրարշավի ընթացքում, Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ ինքը վստահ է, որ քվեարկության առաջին փուլում իր հաղթանակն ապահովված է, թեպետ հայտարարեց, որ քվեարկության անկարգություններն արդեն սկսվել են: «Իմ տեղեկությունների համաձայն, շատ կեղտոտ բաներ են տեղի ունենում: Ինձ հայտնի են հազարավոր կոնկրետ փաստեր», - ասաց նա:

Մանրամասները տրամադրվեցին Տեր-Պետրոսյանի թիմի կողմից:

Նրա խոսնակ Արման Մուսինյանը հայտնեց, թե Տեր-Պետրոսյանի երկու վստահված անձինք ծեծի են ենթարկվել Աբովյան քաղաքում, որտեղ նրա ենթադրությամբ «տիրում է ահաբեկչության մթնոլորտ»:

Ի պատասխան Երևանի ընտրատարածքներից մեկում տեղի ունեցած մեկ այլ ծեծի երևույթի մասին տարածված հայտարարության՝ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» փաստել է, որ Տեր-Պետրոսյանին սատարողները ծեծում են իրենց սեփական դիտորդներին, «իսկ հետո տարածում են այդ տեղեկությունները իրենց հետ համագործակցող լրատվական գործակալությունների կայքէջերում»:

Երևանի Մալաթիա-Սեբաստիայի 08/21 ընտրատարածքը նույնպես զգալի ուշադրության է արժանացել: Մինչ Տեր-Պետրոսյանի խոսնակ Մուսինյանը հայտարարում էր «կարուսել» քվեարկության ապացույցների առկայությունը, Սարգսյանի «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» հայտարարություն է տարածել, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ծեծել են ընտրական հանձնաժողովի նախագահին:

Մանրամասները անկախորեն չէին կարող ստուգվել հրապարակելու համար:

Քվեարկության ավարտից երեք ժամ առաջ Գլխավոր դատախազությունը հայտարարել է քրեական հինգ գործերի վարույթ սկսելու մասին, որոնք առնչվում էին Տեր-Պետրոսյանի թիմի կողմից Աբովյանում և Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրականացված գործողությունների արդյունքում ընտրական օրենսդրության տարբեր խախտումներին, հայտնել է ընդդիմությանը համակրող «ArmInfo» լրատվական ծառայությունը:

Ընդդիմության առաջատար թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ ընտրախախտումներին վերաբերող մեղադրանքների կրակի վրա յուղ լցրեց՝ խնդրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և իրավապաշտպան մարմիններին միջոցառումներ ձեռնարկել՝ դադարեցնելու ընտրողների ծեծի, ահաբեկման, կաշառքի և լցոնումների դեպքերը, որոնք ըստ նրա նկատվել եմ ողջ հանրապետությունում:

«Հանրապետական» կուսակցությունը կուրորեն հրաժարվել է մեղադրանքներից:

«Մեզ սատարողները ոչ մի կապ չունեն կեղծիքների և ծեծերի հետ», - ասում է խոսնակ Էդուարդ Շարմազանովը EurasiaNet-ին: «Մենք հերքում ենք նման մեղադրանքները, քանի որ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ օրենքի և արդարադատության պաշտպան է և կարևորում է ազատ և արդար ընտրությունները, որ մենք այսօր ունեցել ենք»:

Եթե ընտրությունը «չհամարվի որպես ավելի ժողովրդավարական, քան [անցյալ մայիսի] խորհրդարանական ընտրությունները», - շարունակել է նա, «ապա դրանք ավելի վատ չեն լինի՝ անկախ բոլոր սադրանքների, որ կողմերից մեկը փորձել է հրահրել»:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Երևանում «հանուն խաղաղության, շարունակականության, ապահովության և Հայաստանի զարգացման համար» քվեարկելիս, նույնպես խոսել է «ազատ և արդար» ընտրությունների մասին:

«Հուսով եմ, որ մենք օրինական նախագահ կունենանք: Ընտրությունների հաջորդ օրը մեզ համար կբացվի նոր էջ: Հուսով եմ, որ մենք բոլորս կշնորհավորենք հաղթողին», - ասել է Օսկանյանը լրագրողներին:

Փետրվարի 20-ին քվեարկության մասին իրենց գնահատականը պետք է տան վեց միջազգային և 39 տեղական դիտորդական կազմակերպություններ:

«Դեռևս վաղ է հայտարարությունների և եզրահանգումների համար», - լրագրողներին ասել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Անն-Մարի Լիզինը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները, որը ամենախոշոր միջազգային դիտորդական առաքելությունն է, մամլո ասուլիս կունենա Երևանում փետրվարի 20-ին:

Անկախ գնահատումներից և քվեարկության արդյունքներից՝ Տեր-Պետրոսյանը հանրահավաք է հրավիրել Երևանի կենտրոնում, որը պետք է տեղի ունենա փետրվարի 20-ին կեսօրից հետ:

«Մենք զգուշացնում ենք, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ [ընտրողներին] ահաբեկելու և ընտրակեղծիքների արդյունքում, ինչի ողջ պատասխանատվությունը ընկած է Քոչարյան-Սերժ իշխանության վրա», - հայտարարել է նախկին նախագահի թիմը իր հայտարարության մեջ՝ վարչապետ Սարգսյանին կոչելով անունով:

Անկախ լրատվամիջոցների կողմից հետընտրական անհանգստության մասին զգալի կանխատեսումների՝ վարչապետը հերքեց Հայաստանում «հեղափոխական» իրավիճակի առկայության միտքը: «Հետընտրական պայքարը մեր ծրագրերի իրականացման պայքար է» - ասել է նա լրագրողներին 9/11 ընտրատարածքում՝ պարզորեն ենթադրելով իր հաղթանակը: Շեշտը պետք է դրվի, ավելացրել է նա, որ հայերը քվեարկությունը օրինական ճանաչեն:

«Ես կարևոր եմ համարում ոչ թե փուլերի քանակը, այլ ընտրությունների արդյունքում քաղաքացիների բացարձակ մեծամասնության շրջանում վստահություն ձեռք բերելը», - ասել է Սարգսյանը:


Խմբագրի կողմից՝ Մարիաննա Գրիգորյանը Երևանում ArmeniaNow.com շաբաթաթերթի լրագրող է: Հոդվածը պատրաստվել է Էլիզաբեթ Օուենի՝ EurasiaNet-ի կովկասյան լուրերի խմբագրի կողմից տրամադրված նյութերով: