Tuesday, February 19, 2008
Սահմանամերձ գյուղում ընտրությունների օրը Թուրքիային ավելի մեծ կարևորություն է տրվում, քան քաղաքականությանը
Յիգալ Շլայֆեր, 02/19/08

Թուրքիայի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանից ոչ հեռու, առևտրի հինավուրց խաչմերուկում է գտնվում Շիրակավան գյուղը: Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների քաղաքական հուզմանը քիչ ուշադրություն է դարձվում այստեղ: Ավելի շուտ այստեղ մտածում են ամենօրյա գոյատևման և Թուրքիայի հետ Հայաստանի հնարավոր հարաբերությունների դերի մասին:

Ընտրության օրը որպես ընտրատեղամաս ծառայող գյուղական դպրոցի կողքին, ձյան տակ կանգնած է մի քանի մարդ: Նրանց թվում է Շիրակավանի գյուղապետ Գևորգ Հարությունյանը, որը պատմում է, թե քանի գյուղացի չի կարողանում օգտագործել իր հողը, քանի որ այն գտնվում է Թուրքիայի փակ սահմանի մոտ:

«Սահմանի փակ լինելու հանգամանքը երկու կողմերին էլ վնաս է»,-ասում է քաղաքապետը:

Դա մի խնդիր է, որ անմիջապես տեսանելի է: Մի բարձր դիտակետ և մի քանի ինքնաձիգ նայում են Շիրակավանի ձյունածածկ սահմանին: Հեռավորության վրա թուրքական կողմում բարձրանում է մզկիթի մատիտի բարակությամբ մինարեթը:

«Եթե կարողանայինք որոշակի դիվանագիտական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, դրական շարժընթաց կլիներ այստեղ», - ավելացնում է Հարությունյանը:

Դիվանագիտական փակուղին Թուրքիայի հետ անշուշտ Հայաստանի վրա թանկ է նստում: Ուսումնասիրությունների գնահատմամբ երկու պետությունների միջև փակ սահմանի պատճառով հանրապետությունը տարեկան առևտրում ունենում է գրեթե 400 մլն. ԱՄՆ դոլարի կորուստ: Միևնույն ժամանակ, տարածաշրջանային տարբեր ծրագրեր, ինչպիսիք են օրինակ՝ Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթգիծը, որի կառուցումը շուտով կավարտվի ուղղված են է’լ ավելի խորացնելու Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը իր հարևաններից: [Լրացուցիչ տեղեկությունների համար տես Եվրասիայի արխիվը]:

Թեպետ դրանց այնքան ուշադրություն չի դարձվել, որքան աղքատությանը կամ կոռուպցիային, այդուհանդերձ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցը քննարկվել է նախագահական ողջ ընտրարշավի ժամանակ, սակայն հաճախ այն օգտագործվել է որպես թեկնածուին վարկաբեկելու եղանակ, այլ ոչ թե հարցի առաջխաղացման ուղիներ առաջարկելու համար:

Մրցարշավի երկու հիմնական թեկնածուներից և ոչ մեկի՝ վարչապետ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից փոփոխության դրամատիկական առաջարկություններ չեն արվել:

Թեպետ Սարգսյանն ասել է, որ ինքը պաշտպանում է Եվրոպական միությանը անդամակցելու Թուրքիայի հայտին, սակայն ակնկալվում է, որ նա կշարունակի պաշտոնավարումն ավարտող Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը, ասում են հայ վերլուծաբանները:

Եվ թեպետ Տեր-Պետրոսյանը խոստացել է այդ հարցում «ակտիվ» լինել, Երևանում հիմնված Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը նշում է, որ 1991-1998թթ. նրա պաշտոնավարման ընթացքում ձեռնարկված գործողությունները որևէ փոփոխության չեն հանգեցրել:

«Եթե հետաքրքրված ես հարաբերությունների ձևավորմամբ, ապա դա այստեղից չպետք է սկսել», - ասում է Պողոսյանը: «Բանալին թուրքական կողմում է: Դա կախված չէ այն հանգամանքից, թե ինչ է թեկնածուն ասում այդ հարցի վերաբերյալ»:

Անկախ Անկարային և Երևանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ տարիներ շարունակ ձեռնարկված բազմաթիվ փորձերի՝ մյուս փորձագետները համոզված են, որ երկու հարևանների հարաբերությունները սառած կմնան մոտ ապագայում, որտեղ առաջխաղացմանը շարունակում են խանգարել Հայաստանի ցեղասպանության ու Արցախի հարցերը a href="http://www.eurasianet.org/departments/insight/articles/eav102907b.shtml" target="_blank" class="storylink">[Լրացուցիչ տեղեկությունների համար տես Եվրասիայի արխիվը]:

«Հարաբերությունների նորմալացումը դարձել է կախարդական բառեր, որոնք անընդհատ կրկնվում են, սակայն ոչինչ չի արվում այդ ուղղությամբ», - ասում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն և թուրքագետ Ռուբեն Սաֆրասթյանը:

«Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավորություն հենց հիմա չկա: Մենք պետք է իրերը մի քայլ ներքև իջեցնենք՝ ոչ կառավարական դիվանագիտության մակարդակի: Այս առումով Հայաստանի դիվանագիտությունը ավելի ակտիվ պետք է լինի, իսկ հիմա մենք չունենք այդ ակտիվությունը»:

Սաֆրասթյանն ավելացնում է. «Թուրքիայում կան տարրեր, որոնք փորձում են երկխոսություն ունենալ Հայաստանի հետ և մեզ անհրաժեշտ է երկխոսություն սկսել այդ հատվածի հետ»:

«Կան որոշ տարրեր, որ մենք գիտենք միմյանց մասին, սակայն կան շատերը, որոնք չգիտենք և նույնիսկ նեղություն չենք կրում նստել սեղանի շուրջ և տեղեկանալ այդ մասին», - մեկնաբանում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Պողոսյանը, որի կազմակերպությունը 2001-2004թթ. ընթացքում հովանավորել է մի շարք հանդիպումներ Թուրքիայի և Հայաստանի դասախոսական կազմի, լրագրողների և այլ կարծիք ձևավորողների միջև:

Միմյանց մասին մեր գիտելիքները շատ խորհրդանշական են», - շարունակում է նա: «Երկու կողմերում էլ հասարակությունը բախվում է կարծրատիպերին»:

Այժմ, Թուրքիայի և Հայաստանի միջև խոչընդոտները պտտվում են ցեղասպանության հարցի շուրջ: Անկարան հրաժարվում է օսմանյան իշխանության վերջին ժամանակաշրջանի հայերի մասսայական սպանությունները Արևելյան Թուրքիայում ճանաչել որպես ցեղասպանություն: Դրա փոխարեն, այն կոչ է արել, նախքան հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ բանակցությունները սկսելը, կազմել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Հայերը սա դիտարկում են որպես անընդունելի նախապայման, մի բան որ իրենցից չափազանց շատ է պահանջում:

«Ես գտնում եմ, որ այս թեման՝ հայերի ցեղասպանությունը, կարող էր երկխոսության հիմք հանդիսանալ, սակայն առանց նախապայմանների», - ասում է Երևանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Մենք չենք կարող մոռանալ մեր հիշողությունները՝ լավ հարաբերություններ ունենալու համար: Սա չի կարող լինել արժեքը»: Սակայն Պողոսյանն ու Սաֆրասթյանը ասում են, որ իրենք վստահ են, որ Թուրքիայում դանդաղ առաջընթաց է տեղի ունենում՝ կապված ցեղասպանության հարցի հետ, որը կարող է երկու հարևաններին թույլ տալ առաջ անցնել խնդրահարույց թեմայից:

«Ես լավատես եմ և դա կապված է թուրքական հասարակության զարգացումների հետ», - ասում է Սաֆրասթյանը: «Ես համոզված եմ, որ հինգ կամ տաս տարի հետո թուրքական հասարակությունը կսկսի ավելի շատ հարցեր տալ ցեղասպանության հարցի վերաբերյալ: Այս զարգացումը կարող է ավարտվել՝ թուրքական դիվանագիտության նկատմամբ լծակներ ձեռք բերելով»:

Մինչդեռ, սահմանամերձ Շիրակավան գյուղից 20 կիլոմետր հեռու՝ Գյումրի քաղաքում, որը նախկինում արդյունաբերական խոշոր քաղաք էր, շատ տեղաբնակներ գտնում են, որ հնարավոր կլինի քաղաքական խնդիրներից վեր կանգնել առևտրի միջոցով:

«Մենք պետք է առևտուրն առանձնացնենք ցեղասպանության հարցից», - ասում է գերմանական արտադրության էլեկտրատեխնիկական փայլփլուն սարքերի խանութի տեր Էդվարդ Հարոյանը: «Մեկը քաղաքական հարց է, իսկ մյուսը՝ տնտեսական»:

«Իմ կարծիքով այստեղի մարդկանց մեծ մասը պատրաստ է սահմանի բացմանը», - շարունակում է Հարոյանը: «Մենք ասացվածք ունենք՝ Եթե թշնամի ունես, միշտ էլ դժվար է ապրուստ վաստակել»:


Խմբագրի կողմից՝ Յիգալ Շլայֆերը անկախ լրագրող է, որ գրում է Թուրքիայի և Հարավային Կովկասի մասին: