Thursday, February 21, 2008
Տեր-Պետրոսյանը հայտարարում է ռազմական աջակցության մասին. սկսվում է անժամկետ նստացույց
Մարիաննա Գրիգորյան, 02/19/08

Մինչ հազարավոր ցուցարարներ փետրվարի 21-ին հավաքվել էին Երևանում` բողոքելու Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, ընդդիմության առաջատար թեկնածու և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ռազմական երկու առանցքային պաշտոնյաներ որոշել են սատարել այս շարժմանը: Կառավարությունը և իշխող «Հանրապետական» կուսակցությունը ժխտում են դա:

Ըստ Տեր-Պետրոսյանի, որը երեքշաբթի օրվա նախագահական ընտրություններում պաշտոնապես պարտվել է կառավարության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարի երկու տեղակալները` Արցախյան պատերազմի վետերանների հայտնի շարժման ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը և գեներալ Գագիկ Մելքոնյանը սատարում են արդյունքները անվավեր ճանաչելու կոչին: Ըստ պաշտոնական վերջին ցուցանիշների Տեր-Պետրոսյանը հավաքել է 21 տոկոս ձայն, իսկ Սարգսյանը` 52.8 տոկոս:

«Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, որ իրենք մարդկանց կողքին են և կպաշտպանեն մարդկանց վստահությունը շահած թեկնածուին», - ասել է Տեր-Պետրոսյանը Երևանի օպերայի բակում` Ազատության հրապարակում հավաքված բազմությանը: «Նրանք նաև հայտարարել են, որ թույլ չեն տա, որպեսզի բանակը խառնվի քաղաքականությանը և օգտագործվի սեփական ժողովրդի դեմ»:

Առանց մանրամասնելու` Տեր-Պետրոսյանն ավելացրեց, որ բանակցություններ են տարվում պաշտպանության նախարարի երկու տեղակալների հետ և Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ: Նախկին նախագահը վստահություն է արտահայտել, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա երկու փոխնախարարներին:

Պաշտպանության երկու փոխնախարարները դեռևս հրապարակային հայտարարություն չեն կատարել, սակայն Պաշտպանության նախարարությունը կտրականապես ժխտել է լուրերը:

Սակայն Գրիգորյանի ծանոթներից մեկը, որի խոսքերի համաձայն ինքը ներկա է գտնվել գեներալի և Տեր-Պետրոսյանի քննարկումներին, հաստատել է տեղեկությունները: «Եթե ժողովուրդը Լևոնի հետ է, ինքը ժողովրդի հետ», -ասել է ծանոթը Գրիգորյանի մասին և խնդրել չհրապարակել իր անունը: «Գեներալը միշտ էլ ժողովրդի կողմն է եղել»:

Մի աղբյուրից EurasiaNet-ին հայտնի է դարձել, որ երկու գեներալները պատրաստվում են խոսել փետրվարի 22-ի ընդդիմության հանրահավաքի ժամանակ:

Եթե դա տեղի ունենա, ապա այդ քայլով նրանք զգալի օգուտ կտան Տեր-Պետրոսյանի թիմին և կխթանեն այլ խմբերին նրանց միանալու հարցում: Պաշտպանության նախարարի տեղակալ Գրիգորյանը ղեկավարում է Ադրբեջանի հետ արցախյան պատերազմի ազատամարտիկների «Երկրապահ» միությունը: Իշխող «Հայաստանի հանրապետական կուսակցության» մեկ անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության մեկ անդամ և «Հայ հեղափոխական դաշնակցության» հինգ անդամ անցել են Տեր-Պետրոսյանի ճամբար: Պատճառ է հանդիսացել կարեկցանքը արցախյան պատերազմի վետերանների այլ խմբերի նկատմամբ: [Մանրամասների համար տե’ս «Հայաստանի 2008թ. ընտրությունների» արխիվը]: «Հանրապետական» կուսակցության ևս մեկ անդամ` պատգամավոր Հակոբ Հակոբյանը նույնպես մյուս կողմին է միացել:

Որոշակի շարժում է նշմարվում նաև ընդդիմադիր այլ խմբերում: Հինգշաբթի օրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմության մրցակից թեկնածու Արթուր Բաղդասարյանի ընտրարաշավի կազմակերպիչ Հեղինե Բիշարյանը հորդորել է ցուցարարներին «մինչև վերջ պայքարել» ընտրությունների կեղծված արդյունքների դեմ: Բաղդասարյանի և Տեր-Պետրոսյանի միավորման շուրջ պտտվող խոսակցությունները նախկինում չեն արդարացել:

Այլ զարգացում ևս կա. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ որոշ տեղամասերում սկսվել է ձայների վերահաշվարկ:

Այս պահի դրությամբ, ո’չ կառավարությունը, ո’չ էլ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» անհանգստության հրապարակային նշաններ ցույց չեն տալիս պաշտպանության փոխնախարարների հայտարարված որոշման կապակցությամբ: Ինչպես Պաշտպանության նախարարությունը, որը վարչապետ Սարգսյանի ավանդական հենակետն է եղել, այնպես էլ վարչապետի «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» հերքել են այդ հայտարարությունը:

«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Տեր-Պետրոսյանը իր քարոզարշավն ու գործողությունները կառուցում է թյուր տեղեկությունների վրա», - մեկնաբանել է «Հանրապետական» կուսակցության ավագ անդամ Արմեն Աշոտյանը: «Այս հայտարարությունները հեռանկարային չեն և արվում են միայն մարդկանց կրքերին տեղիք տալու համար: Ոչ մի տրամաբանություն չկա ընդդիմության արածի մեջ»:

Փետրվարի 21-ի հանրահավաքով Ազատության հրապարակում հայտարարվել է «անժամկետ նստացույց»:

Ընդդիմությունը պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, 24 ժամվա ընթացքում ձերբակալել ընտրակեղծիքներ կատարած անձանց և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հեռարձակել հանրահավաքները: Ընդդիմության առաջնորդների մեկնաբանություններն ու ելույթները, ինչպես նաև Երևանի կենտրոնում տեղի ունեցող հանրահավաքները փետրվարի 19-ի ընտրություններից ի վեր չեն հեռարձակվել:

«Եթե մեր պահանջները չբավարարվեն, մենք կանենք այն, ինչ պետք է անենք», - EurasiaNet-ի համար մեկնաբանել Տեր-Պետրոսյանի խոշոր համախոհ Նիկոլ Փաշինյանը:

Այս պահի դրությամբ` գործողությունների ծրագիրը կարծես թե նախատեսում է օպերայի առջև վրանների քաղաքի կառուցում: Բարձրախոսներից հնչող շեշտաշարժավոր երաժշտության տակ ցուցարարները սկսեցին հինգշաբթի գիշերը վրաններ խփել, վառարաններ և ճաղեր տեղադրել: Կոպիտ հաշվարկներով մինչև երեկոյի կեսը տեղադրվել էին կես տասնյակ վրաններ, իսկ ցուցարարները և բոլորովին վերջերս ընդդիմությանը միացած առաջնորդը հաճախակի սկսում էին ավանդական պարեր պարել: Չնայած ցրտին` շուրջը պտտվող համակիրների և հետաքրքրասերների բազմությունը աճում էր, որոնք ականջ էին դնում խոսողներին կամ հետևում վրանների տեղադրմանը:

Հրապարակում ոստիկաններ չկային, սակայն մի քանի խաչմերուկ այն կողմ դիրքավորված էին փոքր քանակությամբ ոստիկանական և պարեկային ծառայության միկրոավտոբուսներ:

Օպերայի դիմացը կայանած ավտոբուսը, որի մի կողքին պատկերված էր Սերժ Սարգսյանի հսկայական դիմանկարը, ուսումնասիրում էր տեսարանը:

Փետրվարի 21-ին «Հանրապետական» կուսակցության կողմից ավելի շուտ տարածված հայտարարությունում վարչապետը նշում էր, որ «յուրաքանչյուրն ազատ խոսքի, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի», թեպետ զգուշացնում էր, որ «անկարգությունները, անկայունության և բռնությունների հրահրումը տեղ չունեն ժողովրդավարական երկրում»: Սակայն իրավապահ մարմինները կմիջամտեն միայն անհրաժեշտության դեպքում, ասում է հայտարարությունը:


Խմբագրի կողմից` Մարիաննա Գրիգորյանը Երևանի «ArmeniaNow.com» շաբաթաթերթի լրագրող է: